Տպել
24.05.2022
Գործող օրենքներն ու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը կհամապատասխանեցվեն ՀՀ նոր քրեական օրենսգրքին. Արփինե Սարգսյան
1 / 2

ՀՀ քրեական նոր օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2022 թ. հուլիսի 1-ից: Այդ պահից ուժը կորցրած կճանաչվի 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգիրքը: Մինչեւ օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ ՀՀ տարածքում գործող այլ օրենքներն ու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են համապատասխանեցման ՀՀ նոր քրեական օրենսգրքին: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մայիսի 24-ի ԱԺ նիստում «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրինագծի ներկայացման ընթացքում:

Նախատեսվում է հիմնական եւ լրացուցիչ պատիժներից ազատել 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքով մինչեւ 2022 թ. հուլիսի 1-ն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված այն անձանց, որոնց կատարած արարքները Քրեական նոր օրենսգրքով այլեւս հանցագործություններ չեն համարվում:

Զեկուցողի խոսքով՝ առաջարկվում է «գույքի բռնագրավում» պատժատեսակից ազատել այն անձանց, որոնց նկատմամբ կայացված դատավճիռը մինչեւ 2022 թ. հուլիսի 1-ն ուժի մեջ է մտել, սակայն պատժատեսակը չի իրագործվել կամ դատավճիռն ուժի մեջ է մտել, բայց հուլիսի 1-ի դրությամբ բռնագանձում չի կատարվել: «Ըստ էության, արտոնությունից կօգտվեն այն անձինք, որոնց վերաբերյալ դեռեւս բռնագանձման ակտը չի կայացվել»,- նշել է փոխնախարարը:

Գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի ներկայացմամբ՝ առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Ակնկալվում է ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերին եւ վերացնել դրանցում առկա բացթողումները: