Տպել
24.05.2022
Օրենքով նախատեսված տեղեկություններն ապօրինաբար չտրամադրելու դեպքում առաջարկվում է ավելացնել գործող տուգանքի չափը
1 / 3

Գործադիրն առաջարկում է օրենքով նախատեսված տեղեկություններն ապօրինաբար չտրամադրելու համար գործող տուգանքի չափն ավելացնել: Սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկից մինչեւ 50-ապատիկի չափով տուգանքը նախատեսվում է դարձնել 30-ապատիկից 70-ապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչեւ 100-ապատիկի չափով տուգանքը դարձնել 100-ից մինչեւ 150-ապատիկի չափով:

Այս կարգավորումներն առաջարկվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Մայիսի 24-ի նիստում հարցը ներկայացնելով՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը բարձրաձայնել է օրենսդրական առաջարկի պատճառներն ու հիմքերը: Նշվել է, որ «Givemeinfo.am» կայքում տեղադրված հարցումների եւ դրանց պատասխանների վիճակագրության համաձայն՝ 2019 թ. առ այսօր տեղեկություն տնօրինողներին հասցեագրված գրավոր հարցումների 3 տոկոսին առհասարակ որեւէ պատասխան չի ներկայացվել, 9 տոկոսի դեպքում պատասխանները թերի են եղել, այսինքն՝ հարցմամբ պահանջված որոշ տեղեկություններ չեն տրամադրվել, 3 տոկոսի դեպքում ստացվել է անհիմն պատասխան: «Datalex.am» դատական տեղեկատվական համակարգում տեղադրված գործերի ուսումնասիրության համաձայն՝ օրենսգրքի 189.7-րդ հոդվածի խախտման հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված հայցադիմումները մեծ թիվ չեն կազմում:

Ըստ փոխնախարարի՝ 10-50 հազար դրամ տուգանքը բավարար չափով չի շահագրգռում քաղաքացիներին, իրավաբանական անձանց հայց հարուցել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց դեմ՝ օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար: Երանուհի Թումանյանցի խոսքով՝ տեղեկատվությունը չստացած անձն իրավախախտին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայց ներկայացնելու նպատակահարմարությունը որոշելիս՝ գիտակցում է, որ ավելի շատ ֆինանսական միջոցներ է վատնելու, քան հայցի բավարարման դեպքում իրավախախտում կատարած անձի նկատմամբ տուգանքի չափը եւ հաճախ չի օգտվում նման եղանակով հայց ներկայացնելու իր իրավունքից:

Լիլիթ Մինասյանը, ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, կարծիք է հայտնել, որ նախաձեռնությունը կնպաստի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը:

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ու «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: