Տպել
24.05.2022
ԶԼՄ օրենքում առաջարկվող կարգավորմամբ լրատվամիջոցը չի զրկվում պետական մարմնում գործունեություն իրականացնելու իր իրավունքից. Արթուր Հովհաննիսյան
1 / 3

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում կատարված փոփոխություններով լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նաեւ պետական մարմնի կողմից աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով: Օրենքում նոր լրացումներ են առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը եւ Լիլիթ Մինասյանը: Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ խնդրահարույց է օրենքի մեկ այլ դրույթ. հավատարմագրումը հնարավոր է դադարեցնել միայն լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: Լրատվական գործունեություն իրականացնողին թեպետ աշխատանքային գոտում իրականացված խախտումների վերաբերյալ տեղեկացվում է, սակայն դրան չի հետեւում լրատվական գործունեություն իրականացնողի որեւէ գործողություն: Դրա հետեւանքով հնարավոր չի լինում վերականգնել աշխատանքային գոտու բնականոն աշխատանքը, ինչպես նաեւ շատ դեպքերում նման իրավիճակը խոչընդոտում է այլ լրագրողների բնականոն գործունեության իրականացմանը: Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ տեխնիկական փոփոխություն է կատարվել: Առաջարկվող կարգավորմամբ՝ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից: Լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն, եթե աշխատանքային կանոնների խախտման համար նախատեսված գրավոր նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտի այդ կանոնները:

Արթուր Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ լրատվամիջոցը չի զրկվում պետական մարմնում գործունեություն իրականացնելու իր իրավունքից, եւ որեւէ իրավունք չի ոտնահարվում: Փոփոխության նպատակն է պետական կառույցում աշխատանքային միջավայրի բնականոն ապահովումը, համակեցության կանոնների պահպանումը, լրագրողների բնականոն գործունեության իրականացումը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանի տեղեկացմամբ՝ այս փոփոխությունն օրենսդրական բացը լրացնելու նպատակ ունի, քանի որ գործող օրենքը պետական մարմնին լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն տալիս է, սակայն բացակայում է համապատասխան գործիքակազմը:

Գործադիրն առաջարկել է դիտարկել լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը դադարեցնելու հիմքերն օրենքով նախատեսելու հարցը, որն ընդունվել է հեղինակների կողմից. այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: