Տպել
19.05.2022
ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը կհամալրի քրեական արդարադատության շղթայի բարեփոխումների ամբողջական փաթեթը
1 / 3

2021 թ. խորհրդարանն ընդունել է Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերը, որոնք ուժի մեջ կմտնեն 2022 թ. հուլիսի 1-ից: Երրորդ կարեւոր նախագիծը ՀՀ քրեակատարողական օրենսգիրքն է, որը կհամալրի  քրեական արդարադատության շղթայի բարեփոխումների ամբողջական փաթեթը` ապահովելով որակական նոր շեմ:

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագիծը: Գործող օրենսգիրքն ընդունվել է դեռեւս 2004 թ., որից հետո բազմաթիվ փոփոխություններ են տեղի են ունեցել թե' հասարակությունում, թե' միջազգային պրակտիկայում ու ստանձնած պարտավորություններում եւ թե' իրավական հայեցակետերում: Ըստ այդմ` առաջացել էր անհրաժեշտություն ունենալ քրեակատարողական նոր օրենսգիրք, որով կհաղթահարվեն առկա հակասությունները, կլրացվեն բացերը` ապահովելով նորարար մոտեցումներ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի ներկայացմամբ` նոր օրենսգիրքը կառուցված է այն տրամաբանության վրա, որ յուրաքանչյուր դատապարտյալի հետ պետք է տարվի  անհատականացված աշխատանք: Նորարարությունն այն  է, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց հետո կարանտինային բաժանմունքում յուրաքանչյուր դատապարտյալի համար կազմվելու է պատժի կրման անհատական պլան, եւ ըստ այդմ` երեքից վեց ամսվա պարբերականությամբ այն վերանայվելու է: Այս առումով կապահովվի կանխատեսելիություն, եւ կիրականացվեն թիրախային միջոցառումներ: Ուղղիչ հիմնարկների տեսակներին կփոխարինեն անվտանգության երեք` ցածր, միջին եւ բարձր գոտիներ` հաշվի առնելով դատապարտյալների ռիսկերի եւ կարիքների գնահատումը: Կսահմանվեն նաեւ պատժի կրման մեղմ եւ խիստ ռեժիմներ:

Պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Լիլիթ Ստեփանյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Զարուհի Բաթոյանի հարցերին ի պատասխան` Արդարադատության փոխնախարարը ներկայացրել է պարզաբանումներ դատապարտյալների բժշկական օգնության եւ սպասարկման, դատապարտյալների առողջության պահպանմանը միտված ծառայությունների կարգավորումների վերաբերյալ:

Արփինե Սարգսյանը, տեղեկացնելով, որ ՀՀ-ում չկա անչափահաս դատապարտյալ, նշել է, որ նոր օրենսգրքի նախագծով անչափահասների պատժի կրման համար հատուկ վերականգնողական պայմաններ պետք է լինեն: Հստակ նախատեսված է, որ առանձնահատուկ վերաբերմունք պետք է ցուցաբերվի անչափահասների նկատմամբ` հաշվի առնելով տարիքային առանձնահատկություններն ու սոցիալ-հոգեբանական խնդիրները:

Հարակից զեկույցում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ  քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին ապահովում են որակյալ սննդով: Կարեւորելով նոր օրենսգրքով ներկայացված   ռազմավարական եւ հայեցակարգային փոփոխությունները` նա նշել է, որ նախատեսվում են առանձին աշխատանքային քննարկումներ ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչների մասնակցությամբ: Իսկ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կկատարվեն անհրաժեշտ փոփոխությունները` առավել ժամանակակից քրեակատարողական համակարգ ունենալու համար: Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել դրական եզրակացություն տալ նախագծին:

Քվեարկության արդյունքում նախագիծն ընդունվել է առաջին ընթերցումով:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...