Տպել
18.05.2022
Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում
1 / 1

Մայիսի 18-ին ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստում «Պատվաստանյութի նկատմամբ անվստահությունը՝ որպես հանրային առողջության լուրջ հիմնախնդիր» զեկուցման ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը:

«Տիկին նախագահ, նախ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել բանաձեւի հեղինակներին: Շատ կարեւոր փաստաթուղթ ենք քննարկում:

Կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ երեք հայեցակետերին:

Առաջին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության ուսումնասիրությունն ինձ թույլ են տալիս եզրակացնել, որ մեր կազմակերպության անդամ պետություններում հստակ կապ կա ժողովրդավարության որակի եւ բնակչության պատվաստումների մակարդակի միջեւ: Ակնհայտ է, որ որոշ երկրներում ժողովրդավարության ոչ ամենաբարձր որակը կանխորոշում է պատվաստումների պետական ծրագրերի նկատմամբ քաղաքացիների վստահության ցածր մակարդակը:

Եթե ուշադիր նայենք ԱՀԿ տվյալները, կտեսնենք, որ միայն ԵՄ երկրների մեծ մասը կարող է հասնել պատվաստումների բարձր մակարդակի: Սա մտահոգիչ միտում եւ մարտահրավեր է: Մեր անդամ երկրների միջեւ պատվաստումների մակարդակի անհամամասնության մեկ այլ բացատրությունը պատվաստանյութերի անհավասար հասանելիությունն է դրանց ներդրման ամենավաղ փուլում: Covid-19-ի դեմ առաջին լավագույն պատվաստանյութերի արդար բաշխումն ու հասանելիությունը մեծապես տուժել է: Շատ երկրներ սկսեցին դրանք ստանալ տնտեսապես ավելի զարգացած երկրների կարիքները բավարարելուց հետո: Այս հարցում, ցավոք, համերաշխությունը երկրորդ տեղում էր:

Երկրորդ՝ բոլոր տեսակի պատվաստումների հանդեպ թերահավատությունը սկսեց տարածվել ոչ զարգացած տնտեսություններ ունեցող երկրներում Covid-19-ի դեմ պատվաստումների ծրագրերի մեկնարկից հետո: Այն երկրներում, որտեղ առողջապահական ապահովագրությունը նույնպես թույլ է զարգացած, հաղորդակցման տեխնոլոգիաները եւ սոցիալական ցանցերը պատրաստակամորեն տարածում եւ սրում են պատվաստանյութերի նկատմամբ նիհիլիզմը: Սա նոր մարտահրավեր է, որը պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի:

Եւ վերջինը՝ կարծում եմ, որ օգտակար կլինի, եթե մեր կազմակերպությունն ունիվերսալ մոտեցումներ մտածի այն մարդկանց փոխհատուցման մեխանիզմների մասին, ովքեր տուժել են պատվաստումներից: Ես գիտեմ, որ նման զարգացումներ կան ԵՄ-ում: Պատվաստումների մակարդակի առումով մեր անդամ երկրների շերտավորման հետագա խորացումից խուսափելու համար մենք պետք է առավելագույնս հավասար հնարավորություններ ստեղծենք Եվրոպայի բոլոր քաղաքացիների համար»,- նշել է պատգամավորը: