Տպել
18.05.2022
Խաղաղության հայեցակարգը Լեռնային Ղարաբաղի երեխաներին պետք է սեփական երկրում ապահով ապրելու հնարավորություն ընձեռի. Արմեն Գեւորգյան
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը ԵԽԽՎ երեխաների հարցերի ենթահանձնաժողովի նիստում մայիսի 18-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով.

«Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի խոսել այն փաստի մասին, որ Եվրոպայի խորհրդի տարածքում կան տեղեր, որտեղ երեխաների իրավունքները, նրանց խնդիրներն ու դժվարությունները դուրս են մեր ուշադրությունից: Դրանք չկարգավորված հակամարտություններն են:

Այս առումով մենք պետք է խոսենք ոչ այնքան այն մասին, թե ինչպես աշխատել եւ ճիշտ շփվել երեխաների հետ, այլ՝ ինչպես գտնել ուղիներ եւ մեխանիզմներ, որպեսզի հակամարտության գոտիներում գտնվող երեխաները հասանելի լինեն միջազգային կազմակերպությունների համար:

Վեհաժողովի վերջին նստաշրջանի ժամանակ Մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարեց, որ չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին: Ադրբեջանի իշխանությունները դեմ են նման այցին: Ինչու՞: Որովհետեւ նա կարող է տեսնել, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները վախի եւ ապագայի անորոշության մթնոլորտ ստեղծում հատկապես երիտասարդ սերնդի համար:

Գտնվելով Լեռնային Ղարաբաղում՝ մեր կազմակերպության ներկայացուցիչները կարող են հարցնել այդ հանրապետության երիտասարդներին՝ պատկերացնո՞ւմ են այն որպես Ադրբեջանի մաս, որը փորձում է ոչնչացնել իրենց հայրենիքը: Նրանք կստանան այն հարցի պատասխանը, թե հնարավո՞ր է արդյոք ապրել մի պետության կազմում, որը վերջերս Լեռնային Ղարաբաղը զրկեց գազամատակարարումից եւ բնակչությանը կանգնեցրեց ծայրահեղ հումանիտար աղետի առջեւ:

Ավելի քան երեսուն տարի սովորական եվրոպացի երեխաներ են ապրում անկախ Լեռնային Ղարաբաղում: Միայն մեկ տարբերություն կա՝ նրանց մեջ հայրենասիրության եւ արդարության զգացումն ավելի սուր է: Ի տարբերություն Եվրոպայի իրենց հասակակիցներից շատերի՝ նրանք գիտեն, թե ինչ են պատերազմն ու խաղաղությունը, գլոբալացման դարաշրջանում նրանք հստակ հասկանում եւ գիտակցում են, թե ինչ է անկախությունը, ինչպես է այն ձեռք բերվում եւ պահպանվում: Նրանք հազվադեպ սերունդ են ժամանակակից Եվրոպայի համար. նրանք անկախության սերունդն են:

Ուստի խաղաղության հայեցակարգը, որն այլընտրանք չունի ամբողջ տարածաշրջանի համար, պետք է Ղարաբաղի երեխաներին ընձեռի սեփական երկրում ազատ ու ապահով ապրելու եւ ապագայի հանդեպ վստահ լինելու հնարավորություն: Ցանկացած այլ լուծում իրական խաղաղություն եւ կայունություն չի բերի ամբողջ Հարավային Կովկասում:

Առաջարկում եմ մտածել, թե ինչպես կարող է ղարաբաղցի տղաների եւ աղջիկների ձայնը լսելի դառնալ մեզ համար, եւ թե ինչպես կարող են նրանք ներգրավվել համաեվրոպական երկխոսության գործընթացներում՝ պաշտպանելու համար իրենց իրավունքներն ու ազատությունները»: