Տպել
18.05.2022
Ազգային ժողովում հյուրընկալվել են իտալացի խորհրդարանականները
1 / 6

Մայիսի 18-ին բարեկամական խմբերի մակարդակով  խորհրդարանում տեղի է ունեցել  հայ եւ իտալացի պատգամավորների ընդլայնված կազմով հանդիպումը:

ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանն անդրադարձել է խորհրդարանական համագործակցությանը, պատգամավորների ու գործադիրի ներկայացուցիչների փոխայցերի կարեւորությանը: Պատգամավորը երախտագիտություն է հայտնել 2019 թ. ապրիլին Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմին, հետպատերազմական իրավիճակին, Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին:  Այդ համատեքստում Մարիա Կարապետյանն արժեւորել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած որոշումը, որով իտալացի խորհրդարանականներն ամրագրել են հայ ռազմագերիների վերադարձի կարեւորությունը: Պատգամավորն ընդգծել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Իտալիայի խորհրդարանականների  կողմից արված հայտարարությունները:

Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ, Միջխորհրդարանական միության շրջանակում գործող Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոն  կարեւորել է հայ-իտալական  փոխգործակցության առավել ակտիվացումը, խորհրդարանական դիվանագիտությունը՝ առանձնացնելով  հատկապես բարեկամական խմբերի դերը:  Ջուլիո Չենտեմերոն անդրադարձել է ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Պատգամավորը խոսել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների հաջողությունների,  հայկական կրթամշակութային  առանձնահատկությունների մասին:

Ընդլայնված կազմով հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը,  Սոնա Ղազարյանը,  Հասմիկ Հակոբյանը,  Լուսինե Բադալյանը, Մերի Գալստյանը,  Սարգիս Խանդանյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը:

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են 44-օրյա պատերազմին, ԼՂ-ում տիրող իրավիճակին,  Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգեւոր-մշակութային ժառանգությանը եւ այդ հարցում Ադրբեջանի վարած ժխտողական քաղաքականությանն ու իրականությունը խեղաթյուրող վարքագծին:  Խորհրդարանականներն իտալացի գործընկերներին ներկայացրել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը:  Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: