Տպել
18.05.2022
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Ավիացիայի մասին» օրենքում
1 / 1

«Ավիացիայի մասին» օրենքի մի շարք դրույթներ համապատասխանեցվում են ՀՀ միջազգային համաձայնագրերին եւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) հրապարակած միջազգային չափորոշիչներին ու ընթացակարգերին:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ սահմանվում է միջազգային եւ ներքին օդանավակայանների աերոդրոմների (ուղղաթիռադաշտերի) սերտիֆիկացման պահանջը, ինչը չի կարող տարածվել ընդհանուր նշանակության ավիացիայի համար օգտագործվող հարթակների վրա: Առաջարկվում է կարգավորել ցածր դասի օդանավ շահագործողների կողմից թռիչքային հարթակների կառուցման եւ դրանց հետագա շահագործման հետ կապված հարաբերությունները: Օրինագծով նախատեսվող կարգավորումների մանրամասները՝ այստեղ:

Քննարկման արդյունքում ԱԺ պատգամավորներն օրենքի նախագծին տվել են դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել Կառավարության հեղինակած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Կկարգավորվեն ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման եւ անհաղթահարելի ուժի առաջացման հետեւանքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները: Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը կիրականացվի լիազոր մարմնի համաձայնությամբ:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական ու բովանդակային առաջարկներ, որոնք ընդունվել են:

Օրենքների նախագծերը քննարկվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում: