Տպել
18.05.2022
Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաեւ թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության դեպքում
1 / 3

Գործադիրը լրացումներ է առաջարկում «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում: Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաեւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության, իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության, դրանց գործածմանը հակելու, ներգրավելու, գործածմանը նպաստելու եւ դրանց ապօրինի կիրառության այլ դեպքերում:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հարցը ներկայացնելիս՝ նշել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների կողմից փոփոխություններ են կատարվել «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում: ՀՀ Ազգային ժողովն արդեն վավերացրել է համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը: Նշված արձանագրության դրույթներին համապատասխանեցնելու նպատակով էլ առաջացել է օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը: