Տպել
18.05.2022
Փոփոխություններ եւ լրացումներ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում
1 / 3

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառման արդյունքում այս պահին վարույթում գտնվող չավարտված շուրջ 300 եւ ավարտված 20 ուսումնասիրություններ կան: 20-ից 8-ի դեպքում դատարան են ներկայացվել հայցադիմումներ եւ դատարանի կողմից ընդունվել են վարույթներ: Գործերի մանրամասները հասանելի են հանրությանը, նիստերը լինելու են հրապարակային: 20 ավարտված ուսումնասիրությունների դեպքերում դատարանի կողմից կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ: Մոտակա 2-3 ամիսների ընթացքում 20-ից ավելի հայցադիմում եւս պետք է մուտք արվի դատարան: Զուգահեռ աշխատանքներ են իրականացվում հաշտության համաձայնությունների շուրջ, մոտ ապագայում հաշտության բանակցությունների թիվը կաճի:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի արտահերթ նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրությունների արդյունավետության բարձրացմամբ: Փոփոխությամբ մասնավորապես առաջարկվում է ընդլայնել «պաշտոնատար անձ» հասկացությունը. բացի հանրային պաշտոն զբաղեցրած անձանցից՝ այդ հասկացության շրջանակում ներառել նաեւ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց: Առաջարկվել է նաեւ, որ վարույթ իրականացնող մարմինը հնարավորություն ունենա պահանջելու պատասխանողից գույքի ձեռքբերման արժեքը, իսկ եթե գույքը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, պատասխանատուից պահանջել այդ գույքի ձեռքբերման պայմանագրային արժեքը:

Ըստ Սրբուհի Գալյանի՝ վերջին երկու տարիների ընթացքում ակնհայտ է դարձել, որ որոշ գործերի ուսումնասիրությունը, ելնելով դրանց բարդությունից եւ օբյեկտիվ խնդիրներից, ողջամիտ չէ ավարտել երկու տարում: Առկա խնդիրների հաղթահարման համար առաջարկվել է ուսումնասիրությունը երկու տարվա փոխարեն դարձնել երեք տարի, եւ որ փոփոխությունը տարածվի սկսված եւ չավարտված ուսումնասիրությունների վրա: Կատարվել են նաեւ տեխնիկական բնույթի որոշ փոփոխություններ:

Ամփոփելով՝ հիմնական զեկուցողն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվող կարգավորումները կնպաստեն, որպեսզի ուսումնասիրություններն առավել արդյունավետ ու համապարփակ իրականացվեն:

Հարակից զեկուցող պատգամավոր Արփինե Դավոյանի խոսքով՝ քննարկվող օրենքի նախագիծը 2018 թ. հետո ամենից շատ քննարկված եւ աղմկահարույց օրենքներից մեկն է: Նա ցավով է ընդգծել, որ հանձնաժողովի նիստին ներկա չեն խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ՝ քննարկվող օրինագծի հիմքում ընկած է հռոմեական իրավունքում հայտնի մի սկզբունք՝ իրավախախտումից իրավունք չի կարող ծնվել:

Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: