Տպել
17.05.2022
Կայացել է ՀՀ ԱԺ աշխատակազմի եւ միջազգային գործընկեր կազմակերպությունների հերթական աշխատանքային հանդիպումը
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, մշտապես կարեւորելով համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, մայիսի 17-ին ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ կազմակերպել է հանդիպում միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ այս հանդիպումները կրելու են շարունակական բնույթ եւ միտված են լինելու խորացնել ԱԺ աշխատակազմի համագործակցությունը գործընկեր կազմակերպությունների հետ:

«Աշխատակազմը միշտ պատրաստ է քննարկելու ցանկացած առաջարկ, բաց ենք նոր համագործակցության, փորձի փոխանակման եւ գործընկերային հարաբերությունների աշխարհագրության ընդլայնման համար»,- ընդգծել է Վահան Նարիբեկյանը: Նա կարեւորել է նաեւ ԱԺ աշխատակազմի փորձի փոխանակումն այլ երկրների խորհրդարանների հետ՝ նշելով, որ այդ փոխանակումը դիտարկում է որպես երկկողմ գործընթաց:

Հանդիպմանը մասնակցող միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ծրագրերը, որոնք իրականացնում են ինչպես ԱԺ հանձնաժողովների, այնպես էլ աշխատակազմի հետ:

ԵՄ Թվինինգ ծրագրի ներկայացուցիչ Էլենի Կանելոպուլուն նշել է, որ ծրագիրն իրականացվում է շուրջ 6 ամիս, որի ընթացքում CEPA-ի կիրարկման շրջանակում կազմակերպվել են փորձագիտական աշխատաժողովներ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների համար:

ՄՀԻ (IRI) ներկայացուցիչ Արտակ Շաքարյանը նշել է, որ իրենց կողմից իրականացվող ծրագրերը հաղորդակցության ոլորտում են, եւ ի թիվս հաջողված համատեղ ծրագրերի՝ նա առանձնացրել է «Հաղորդակցության դպրոցը», որն անցկացվել է Աշխատակազմի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հետ: Այժմ դասընթացը երկրորդ փուլով մեկնարկել է ԱԺ հանձնաժողովների փորձագետների համար, որոնք պատասխանատու են հանձնաժողովների սոցիալական կայքերի վարման հարցում:

GIZ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հրաչիկ Յարմալոյանը խոսել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր քարտուղարների ցանցին իրենց կազմակերպության աջակցության վերաբերյալ՝ լիահույս լինելով, որ այդ աջակցության շնորհիվ ավելի կամրապնդվեն գործընկեր խորհրդարանների աշխատակազմերի կապերը:

ԱԺԻ-ի (NDI) ներկայացուցիչներ Քոեն Պուտյենսը եւ Հովհաննես Հարությունյանը կարեւորել են համագործակցությունն ԱԺ-ում 25 պրակտիկանտների աշխատանքի մասով եւ գոհունակություն հայտնել առկա համագործակցության բարձր մակարդակի համար:

Կանադական խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանցն էլ առանձնացրել է համագործակցությունն Աշխատակազմի Կորպորատիվ ռազմավարական ծրագրի ներդրման մասով:

ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչ Բիլիանա Լեդենիչանն այս տարվա ընթացքում իրականացված ծրագրերից առանձնացրել է ԱԺ նոր կայքի մասով իրականացվող աշխատանքները, էլեկտրոնային գրադարանի, Աշխատակազմի հզորացմանն ուղղված ու մշտական աջակցության մի շարք այլ ծրագրեր: Նշվել է նաեւ, որ ծրագրի աջակցությամբ հաջողությամբ իրականացվել է հանձնաժողովի առաջին արտագնա  նիստը Գյումրիում:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը կարեւորել է աշխատակազմի Կորպորատիվ ռազմավարական ծրագրի ընդհանուր դրույթները, որոնք թիրախային աջակցության համար հնարավորություն են տալիս միջազգային գործընկերներին ընկալել այն առաջնահերթությունները եւ մարտահրավերները, որոնց համար աշխատակազմն ակնկալում է աջակցություն:

Կողմերը հույս են հայտնել, որ շարունակական համագործակցությամբ կկարողանան հասնել ցանկալի արդյունքի:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...