Տպել
17.05.2022
Առաջարկվող նախագծով դատապարտյալները կարող են իրացնել իրենց կրթության իրավունքը
1 / 2

 «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` Հանրապետությունում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչեւ սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքն ավելի վաղ չի իրացվել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կան շուրջ 300 ազատազրկված անձինք, որոնք չունեն 9-րդ կամ 12-րդ դասարանի ատեստատներ: Ըստ զեկուցողի` վերջիններիս հետ դժվար է լինում իրականացնել տարբեր վերասոցիալականացման աշխատանքներ: Ուստի, ընդհանուր ազգային կրթական համակարգի քաղաքականության շրջանակում առաջարկվել է լրացումներ կատարել «Կրթության մասին» օրենքում:

Կառավարության հեղինակած նախագիծը քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում:

Գործադիրը, մասնավորապես, առաջարկել է 19 տարվա տարիքային սահմանափակումը չտարածվի քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձեւով պատիժ կրող այն դատապարտյալների վրա, ում պատժից ազատման ժամկետի լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է 1 տարուց ավելի: Դատապարտյալներն իրենց ցանկությամբ կարող են իրացնել իրենց կրթության իրավունքը` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ առաջարկվել է նախատեսել 2022 թ. օգոստոսի 1-ը` հաշվի առնելով ուսումնական տարվա սկիզբը: Մինչ այդ ժամկետը կհաստատվի խտացված ծրագրերի համապատասխան մեթոդաբանություն:

Արփինե Սարգսյանը պատգամավորների խնդրանքով ներկայացրել է պարզաբանումներ դասավանդման մեթոդիկայի մշակման, հիբրիդային տարբերակով կրթությունը հեռավար կազմակերպելու վերաբերյալ:

Առաջարկվել է նախագիծը քննարկել 24-ժամյա ռեժիմով:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
 
 
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...