Տպել
17.05.2022
Կհստակեցվի քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը
1 / 3

Քրեակատարողական ծառայողների վերապատրաստումներն այժմ իրականացվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Սակայն, գործնականում դա այնքան էլ կիրառելի չէ,   քանի որ 2081 հանրային ծառայության մեջ գտնվող քրեակատարողական ծառայողներից 1939-ն ընդգրկված չեն  քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ վերջիններիս մասով կար վերապատրաստման իրականացման խնդիր: «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում Կառավարության առաջարկած փոփոխություններն առաջին ընթերցմամբ քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը մանրամասնել  է կարգավորումներն ու  փաստել, որ քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող անձանց վերապատրաստման կարգը կսահմանվի երկու եղանակով:  Առաջին տարբերակով անհատական վերապատրաստման կարիքի գնահատման հենքով կլինեն վերապատրաստումներ, իսկ երկրորդ տարբերակով նախատեսվում  է ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ իրականացնել ընթացիկ  վերապատրաստումներ: Նախագծով  հստակեցվել է վերապատրաստման կարգը, դրա սահմանումը վերապահվել է ոլորտը համակարգող Արդարադատության  նախարարին:

Գործադիրը քննարկման է ներկայացրել նաեւ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Ակնկալվում է օրենսդրությունը համապատասխանեցնել Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերին եւ վերացնել դրանցում առկա բացթողումները:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է  նախատեսել քրեական վարույթի շրջանակում գրավը պետական եկամուտ դարձնելու ամբողջական կառուցակարգը: Ի տարբերություն գործող օրենսգրքի՝ նոր օրենսգիրքը նախատեսում է գրավը պետական եկամուտ դարձնելու ընթացակարգ երկու սուբյեկտի՝ դատախազի եւ դատարանի կողմից, եթե դատական վարույթում է գործը: Հետաքննություն իրականացնող մարմինների գործունեությանը վերաբերող օրենքներում կատարվել են փոփոխություններ. նրանց վերապահվել է միայն Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված միջոցառումների իրականացումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսուհետ վարույթը կարգավորվելու է միայն Քրեական դատավարության օրենսգրքով՝ այլ օրենքներից հանվել են բոլոր վարույթային կանոնակարգումները: Պետք է լինի վարույթին առնչվող բոլոր հարցերը կարգավորող մեկ միասնական օրենք:

Կատարվել են նաեւ տեխնիկական բնույթի մի շարք առաջարկներ:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է, որ մոտ երկու տարի է՝ իր գլխավորած հանձնաժողովը եւ Արդարադատության նախարարությունը աշխատել են այս նախագծերի փաթեթի վրա: Փոփոխությունները մանրամասն քննարկվել են նաեւ աշխատանքային քննարկումների ընթացքում:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: