Տպել
17.05.2022
Նախատեսվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը
1 / 4

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը: Գործող իրավակարգավորմամբ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ 6 ամիս է, որը կարող է մեկ անգամ` հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ 6 ամսով: Ըստ հեղինակի` այս կարգավորումը խնդրահարույց է: Փորձը ցույց է տվել, որ նախորդ խորհրդարանի գործունեության ընթացքում նշված ժամկետների ոչ բավարար լինելու արդյունքում քննիչ հանձնաժողովները եւս 6 ամսով երկարաձգել են հանձնաժողովի լիազորությունները, ինչը նույնիսկ այդ դեպքում բավարար չի եղել:

Հետեւաբար` նախագծով առաջարկվում է քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը փոփոխել` դարձնելով 1 տարի ժամկետով, որը կարող է մեկ անգամ` հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ մեկ տարով: Սերգեյ Բագրատյանը պարզաբանել է, որ փոփոխությունը վերաբերելու է ընդունումից հետո ստեղծվող քննիչ հանձնաժողովներին: Քննարկմանն առաջարկվել է հանձնաժողովի լիազորությունների ժամկետը դարձնել 1 տարի, որը կարող է երկարաձգվել մինչեւ 6 ամսով, ինչը հեղինակն ընդունել է:

Նշենք, որ խորհրդարանական քննիչ հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով: Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը կարեւորել է առաջարկության ընդունումը` նշելով, որ գործող 6 ամիսը բավարար չէ: Նա հորդորել է կողմ քվեարկել նախագծին:

Առաջին ընթերցմամբ քննարկված նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նախագծի վերաբերյալ Կառավարության եզրակացությունը ներկայացրել է Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը: Փոխնախարարն առաջարկել է լրամշակել նախագծի հիմնավորումները, նաեւ հստակեցնել անցումային դրույթները:

Նախագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...