Տպել
16.05.2022
«Հաղորդակցության դպրոցը» թույլ կտա առավել համակարգված աշխատել սոցիալական հաղորդակցման տիրույթում
1 / 6

Մայիսի 16-ին ՀՀ ԱԺ-ում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատակազմի եւ ՄՀԻ (IRI) կազմակերպած ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատակիցների «Հաղորդակցության դպրոցի» ճանաչողական հանդիպումը:

Հանդիպմանը ներկայացվել են ԱԺ մշտական հանձնաժողովների փորձագետների աշխատանքի արդյունավետությանը նպաստող մի շարք առաջնահերթություններ: Քննարկվել է հաղորդակցման հմտությունների կատարելագործման միջազգային լավագույն փորձի կիրառման կարեւորությունը:

Հանձնաժողովի փորձագետները խոսել են սոցիալական հարթակներում հանձնաժողովների էջերի վարման կարգին վերաբերող հաճախ հանդիպող բարդություններից: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանն այս համատեքստում կարեւորել է ՄՀԻ-ի հետ համագործակցությունը՝ հավաստիացնելով, որ հանդիպման նկատառումներն ու առաջարկությունները տեղ կգտնեն փորձագետների համար նախատեսված երկամսյա դասընթացներում: ՄՀԻ ծրագրերի ավագ ղեկավար Արտակ Շաքարյանն էլ փաստել է, որ նախապես ուսումնասիրվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի հաղորդակցման կարիքները, որոնց լուծումները միասնաբար կտրվեն դասընթացի արդյունքում, իսկ ավարտին նախատեսվում է  համապատասխան ուղեցույցի մշակում, ինչը թույլ կտա առավել համակարգված աշխատել սոցիալական հաղորդակցման տիրույթում:

ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Լաուրա Անտոնյանը հանդիպման մասնակիցների հետ կիսվել են «Հաղորդակցության դպրոցից» ակնկալվող սպասումներով՝ հույս հայտնելով, որ դպրոցը լավագույն հարթակն է մեդիագրագիտության, սոցիալական մեդիայի եւ հանրային հաղորդակցման գիտելիքների ինստիտուցիոնալիզացման: