Տպել
16.05.2022
Պատգամավորների ու աշխատակազմի կարողությունների եւ հմտությունների զարգացման հարցում կարեւորվել է միջազգային գործընկերների աջակցությունը
1 / 4

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» (ՆՀԺԽ) ծրագիրն աջակցում է խորհրդարանի կարողությունների զարգացմանը` վերապատրաստման, փորձագիտության եւ խորհրդատվության միջոցով:

Մայիսի 16-ին տեղի է ունեցել ՆՀԺԽ ծրագրի խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԺ նախագահի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:

ԱԺ պատգամավոր, ՆՀԺԽ ծրագրի՝ ԱԺ նախագահի կողմից նշանակված համակարգող Հռիփսիմե Գրիգորյանի համոզմամբ՝ խորհրդարանը հանրության համար առավել հասանելի դարձնելուն ուղղված քայլերը պետք է լինեն շարունակական:

Ծրագրի շրջանակում խորհրդարանում գործող Վերլուծական ու վերապատրաստման վարչության, Խորհրդարանական ժողովրդավարության կենտրոնի նախագծի մշակման աշխատանքին, ինչպես նաեւ օրենքի գերակայության եւ ժողովրդավարության զարգացման համատեքստում ծրագրի նշանակությանն են անդրադարձել Հայաստանում Շվեդիայի փոխդեսպան Աննիկա Նորդին Ջայավարդենան ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին: Արձանագրվել է հատկապես օրենսդրական բարեփոխումների ոլորտում աջակցության անհրաժեշտությունը:

ՄԱԶԾ ՆԺՀԽ ծրագրի գլխավոր տեխնիկական խորհրդատու Բիլիանա Լեդենիչանը ներկայացրել է ծրագրի իրականացման ընթացքը եւ արդյունքային ցուցանիշները:

«Այս եւ նմանատիպ ծրագրերը մեզ համար մշտապես ունեցել են առանձնակի կարեւորություն, հատկապես այս դժվարին իրավիճակում, երբ յուրաքանչյուր աշխատակցի պրոֆեսիոնալիզմը, կարողությունների զարգացումը, նոր փորձի ձեռքբերումը մեծ խթան են մարտահրավերների հաղթահարման եւ արդյունավետ աշխատանքի համար»,- ընդգծել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին աջակցության համար՝ հույս հայտնելով, որ փոխադարձ վստահությունն ու համագործակցությունը լինելու են շարունակական:

Նիստի մասնակիցները սերտ համագործակցության ավանդույթները շարունակելու եւ առավել կատարելագործելու պատրաստակամություն են հայտնել: