Տպել
15.05.2022
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է Ավստրիայի խորհրդարանի գլխավոր քարտուղարի հետ
1 / 2

Հայաստանի եւ Ավստրիայի խորհրդարանների աշխատակազմերի համագործակցության հնարավորությունները, փորձի փոխանակումը եւ կարողությունների զարգացման հեռանկարներն են քննարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի եւ Ավստրիայի խորհրդարանի գլխավոր քարտուղարի հանդիպման ընթացքում:

Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը մայիսի 9-13-ը ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ավստրիայի Հանրապետության խորհրդարանում էր:

Նա կարեւորել է միջազգային լավագույն փորձի կիրարկումը եւ Ավստրիայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Հարալդ Դոսսիին հրավիրել է ՀՀ Ազգային ժողով:

Վահան Նարիբեկյանը հանդիպել է նաեւ Ավստրիայի խորհրդարանի աշխատակազմի աուդիտի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ռոբերտ Սատլերի, Աուդիտորական պալատի բարձրաստիճան ղեկավարների հետ: Քննարկվել են ֆինանսական վերահսկողության, աշխատակազմի բյուջետավորման գործընթացի, վերջինիս արդյունավետ բաշխման մոտեցումները:

Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է նաեւ Ավստրիայի խորհրդարանի Դեմոկրատական կրթական կենտրոնի ղեկավար Լեոպոլդ Լուգմայրի եւ Խորհրդարանական բյուջետային գրասենյակի ղեկավար Հելմուտ Բերգերի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Դեմոկրատական կրթական կենտրոնի գործառույթները, իրականացրած ծրագրերը, ընդգծվել է կենտրոնի նշանակությունը խորհրդարանի եւ քաղաքացիների կապի ամրապնդման, կրթական ծրագրերի մշակման հարցում: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում եւ փորձի փոխանակումը կրթական ծրագրերի մշակման եւ զարգացման ուղղությամբ: