Տպել
03.05.2022
Այգեգործության զարգացման նպատակով կարեւորվում է տեղական տնկիների արտադրությունը. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար
1 / 1

Ժամանակակից ինտենսիվ այգիների եւ հատապտղանոցների ծավալների շարունակական աճն անհրաժեշտություն է առաջացրել Հայաստանում տնկանյութի հավաստագրման մասին օրենսդրության առկայության: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մայիսի 3-ի ԱԺ նիստում:

Փոխնախարարն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Սերմերի եւ տնկանյութի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

«Հայաստանում գյուղատնտեսության եւ, մասնավորապես, այգեգործության արդյունավետ զարգացման նպատակով կարեւորվում է տեղական տնկիների արտադրությունը, որը կարող է երաշխավորել ոչ միայն պտղահատապտղային այգիների տարածքների ավելացումը, այլ նաեւ հնարավորություն կընձեռի տնկանյութի արտահանման համար»,- ընդգծել է զեկուցողը:

«Սերմերի եւ տնկանյութի մասին» օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել նաեւ լրացումներ կատարելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում` նախատեսելով տուգանքներ օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքերում:

Ֆինանսների նախարարության առաջարկի հիման վրա ներկայացվել է ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտություն, որով պետական տուրք կսահմանվի տնկանյութի հավաստագրի տրամադրման համար:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են կարգավորվելու գենային ինժեներիայի եղանակով ստացված եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ համարվող սորտերի եւ հիբրիդների գրանցման, սերմերի եւ տնկանյութի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրման, պահպանության, իրացման եւ օգտագործման դեպքերը:

Զեկուցողը նշել է, որ դրանք կսահմանվեն Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կարգավորման վերաբերյալ օրենքի նախագծում: Նախաձեռնությունը Կառավարությունում քննարկվելուց եւ դրական եզրակացություն ստանալուց հետո կներկայացվի խորհրդարան:

Գլխադասային` Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...