Տպել
03.05.2022
Լրացումներ եւ փոփոխություններ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում
1 / 1

2020թ. Ազգային ժողովն ընդունել է ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, որոնց հիմնական նպատակն էր կուսակցական համակարգի կայացումը, կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության եւ հրապարակայնության ապահովումը, քաղաքական գործունեության եւ բիզնեսի տարանջատումը, քաղաքական կոռուպցիայի կանխարգելումը:

Նախագծերի փաթեթի առանցքային փոփոխություններից մեկն եղել է կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողական գործառույթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին փոխանցելը: Դա ենթադրում է հանձնաժողովի կողմից կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների եւ ծախսերի, ինչպես նաեւ գույքի մասին հաշվետվությունների ներկայացման պահանջների պահպանման եւ հաշվետվության մեջ առկա տեղեկատվության եւ տվյալների արժանահավատության եւ ամբողջականության ստուգում: Հանձնաժողովի գործառույթներին վերաբերող դրույթներն ուժի մեջ մտնելու համար սահմանվել էր 2022 թ. հունվարի 1-ը:

Հանձնաժողովին նոր գործառույթների տրամադրումը պահանջում է մարդկային ռեսուրսների համալրում, համապատասխան ծրագրային ապահովում, ինչպես նաեւ համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակում: Սակայն, օրենքով նախատեսված ժամանակը բավարար չի եղել վերը նշված միջոցառումների լիարժեք իրականացումն ապահովելու համար: Ուստի, առաջարկվում է կուսակցությունների հայտարարատու անձանց պաշտոնի ստանձման, դադարեցման, ինչպես նաեւ տարեկան հայտարարագրերի ներկայացման ժամկետները հետաձգել մինչեւ 2022թ. մայիսի 31-ը:

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրված լիազորությունների իրավակարգավորումները գործնականում հստակեցման անհրաժեշտություն են առաջացրել:

«Նախագծով առաջարկվում է պարզեցնել աուդիտի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները հանձնաժողովին տրամադրելու ընթացակարգը` հանձնաժողովին վերապահելով աուդիտի կազմակերպման, ինչպես նաեւ կուսակցության տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը եւ դրանց ներկայացման ձեւաթղթի սահմանման լիազորությունը»,- նշել է փոխնախարարը:

Օրենսդրական փաթեթը քննարկվել է մայիսի 3-ին մեկնարկած ԱԺ հերթական նիստի ընթացքում:
 
 
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...