Տպել
25.04.2022
Հայաստանում է Նիդերլանդների խորհրդարանի անդամ Դոն Սեդերը
1 / 5

Ապրիլի 22-25-ը Հայաստան է այցելել Նիդերլանդների խորհրդարանի անդամ, «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Դոն Սեդերը: Այցի ընթացքում Դոն Սեդերը հանդիպել է Արցախի Հանրապետության պաշտոնյաների հետ, ծանոթացել Արցախում տիրող իրավիճակին, ինչպես նաեւ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի ուղեկցությամբ խորհրդարանականը Գորիսում հանդիպել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի, ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի եւ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հետ:

Վահրամ Բալայանը շնորհակալություն է  հայտնել Դոն Սեդերին Հայաստան այցի, հանդիպման, ինչպես նաեւ հայությանը հուզող հարցերի լուծմանն ուղղված իր քայլերի  համար: Նրա խոսքով՝ արցախահայությունն իր ինքնորոշման իրավունքը ձեռք է բերել այդ ժամանակվա սովետական եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան. նպատակն է եղել  իրականացնել մարդու ազատ ապրելու իրավունքն իր հայրենիքում: Նա ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը՝ ընդգծելով արցախահայության նկատմամբ այս 30 տարիների ընթացում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվող ցեղասպանական քայլերը: Վահրամ Բալայանը խնդրել է Դոն Սեդերին Նիդերլանդների խորհրդարանում ներկայացնել բոլոր նշված փաստերը եւ հույս հայտնել, որ կպաշտպանվեն արցախահայության իրավունքները, քանզի Արցախում ապրում է եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ, որն ուզում է ինտեգրվել քաղաքակիրթ աշխարհին:

ԱՀ ԱԳ փոխնախարար Արմինե Ալեքսանյանը հյուրին ներկայացրել է Թուրքիայի ցեղասպան քայլերը եւ հայատյացության դրսեւորումները, որոնք արցախահայության նկատմամբ Ադրբեջանն իրականացնում է առ այսօր: Նրա խոսքով՝ Սովետական Միության փլուզումից հետո Արցախի ժողովուրդն արտահայտել է իր հայրենիքում ապրելու կամքը, ինչն Ադրբեջանի կողմից ընկալվել է որպես պայքար տարածքի համար: Նա նշել է, որ այսօր Արցախի ժողովուրդն ուզում է նույնը, ինչ 30 տարի առաջ՝ խաղաղ ապրել իր հայրենիքում:  Փոխնախարարը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանի թշնամին ոչ միայն Արցախի հայերն են, այլեւ աշխարհի հայերը, ինչի մասին բացահայտ հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Արմինե Ալեքսանյանը նշել է, որ անընդունելի է այն գաղափարը, համաձայն որի՝ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, եւ մարդիկ կարող են այնտեղ խաղաղ ապրել:

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Ադրբեջանը չի պատկերացրել, որ Արցախի ժողովուրդը պատերազմից հետո կվերադառնա Արցախ, բայց նրանք վերադարձել են եւ այսօր ապրում են շատ ծանր պայմաններում: Նա ընդգծել է, որ Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները, որպեսզի արցախցիները լքեն Արցախը: Արցախի օմբուդսմենը մանրակրկիտ ներկայացրել է արցախահայության նկատմամբ Ադրբեջանի դաժան եւ անմարդկային քայլերը: Նա նշել է, որ ինչպես 1915թ., այնպես էլ այսօր, աշխարհը լուռ է, սակայն ինքը հավատում է, որ Արցախի ժողովրդի իրավունքները պետք է պաշտպանվեն միջազգային հարթակներում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների խնդրին եւ նշել, որ Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է գերիների վերադարձին: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի, ինչը կլինի ամենաարդյունավետ միջոցը եւ կստիպի Ադրբեջանին վերադարձնել բոլոր գերիներին:

Դոն Սեդերը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ բարձր է գնահատում այն հանգամանքը, որ արցախցիներն իրեն ներկայացրին, թե իրականում ինչ է տեղի ունենում Արցախում: Նա ընդգծել է, որ վերոնշյալ հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել Նիդերլանդներում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկումներ են եղել նաեւ խորհրդարանում. նա առաջարկել է Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ անցկացնել փորձաքննություն: Դոն Սեդերը շեշտել է, որ քայլեր են արվում, որպեսզի ապացուցվի՝ Արցախի դեմ իրականացված պատերազմում Ադրբեջանն ագրեսոր է, եւ նրա դեմ կիրառվեն համապատասխան սանկցիաներ:

Դոն Սեդերի խնդրանքով Արցախի պաշտոնյաները պատասխանել են նրան հետաքրքրող մի շարք հարցերի: Հանդիպման ավարտին արցախցիները շնորհակալություն են հայտնել հյուրին այցի եւ կառուցողական ու արդյունավետ հանդիպման համար:

Ապրիլի 24-ին Մերի Գալստյանի ուղեկցությամբ Դոն Սեդերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նա ծանոթացել է Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին:


25.04.2022
Հայաստանում նվիրված ենք եվրոպական արժեքներին եւ շարունակում ենք անել հնարավորը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար. Վլադիմիր Վարդանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի կողմից «Գորշ գայլերի» նշանի ցուցադրությանը եւ դատապարտող ելույթ է ունեցել: «Ես կցանկանայի ձեզ մի բան ցույց տալ: Սա, այսպես կոչված, «Գորշ գայլեր» արմատական ահաբեկչ...

25.04.2022
Ես հավատում եմ, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. Արմեն Գեւորգյան
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Գեւորգյանն ապրիլի 25-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում: «Պարոն նախագահ, Երեկ՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայությունը եւ շատ այլ ազգեր հիշում էին Հայոց ցեղասպանությունը: Մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը հ...

25.04.2022
Խորհրդարան է այցելել Իրաքի քրդական ինքնավարության պատվիրակությունը
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով Հայաստան է ժամանել պատվիրակություն նաեւ Իրաքի քրդական ինքնավարությունից` Հեմըն Մամրաշի ղեկավարությամբ: Պատվիրակության կազմում էին ներկայացուցիչներ Դեմոկրատական կուսակցությունից, ինչպես նաեւ ցեղասպանության հարցերով զբաղվող մի շարք մարդասիրական հա...

25.04.2022
Հակոբ Արշակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն է տածում...

25.04.2022
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը եւ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամները հանդիպել են Կնեսետի պատվիրակության հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը, խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Մարիա Կարապետյանը եւ Միքայել Թումասյանն ապրիլի 25-ին հանդիպել են Կնեսետի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, «Մերեց» կուսակցության պատգամավոր Մոսի ...