Տպել
15.04.2022
Թագուհի Թովմասյանը նախաձեռնել է Էթիկայի հանձնաժողովի ձեւավորման գործընթաց
1 / 10

Լրագրողին հավատարմագրած պետական մարմնին հնարավորություն կտրվի դադարեցնելու լրագրողի հավատարմագրումը, եթե վերջինս խախտի այդ կառույցի աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները: Ըստ նախագծի հիմնավորման՝ ներկա օրենսդրությամբ պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող այդ հիմքերի դեպքում որեւէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը: Դրա համար անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումը:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում են առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը եւ Լիլիթ Մինասյանը:

Լրագրողական կազմակերպությունների գնահատմամբ՝ այս փոփոխությունն ազատ խոսքը լռեցնելու, լրագրողների գործունեությունը սահմանափակելու նպատակ ունի:

Վերոնշյալ օրենսդրական առաջարկը քննարկելու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Թագուհի Թովմասյանը հանդիպել է լրագրողական հանրույթի ներկայացուցիչների հետ: Նա նշել է, որ քննարկմանը չեն մասնակցում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները եւ օրինագծի հեղինակները, թեպետ մասնակցության հրավեր եղել է: Թագուհի Թովմասյանը մտահոգիչ է համարել, որ լրագրողական կազմակերպությունների հետ խնդիրը չի քննարկվել:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի համոզմամբ՝ այդ փոփոխությամբ պետական մարմինները կարող են կամայական որոշումներ կայացնել: Նրա կարծիքով՝ նախագծում պետք է հստակ սահմանվեն հավատարմագրման հիմքերը, որ լրագրողի համար իր վարքագիծը կանխատեսելի լինի եւ իմանա, թե որ դեպքում կարող է զրկվել հավատարմագրումից:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի համոզմամբ՝ սա իրականացվող փուլային գործընթացի մի մասն է: Նա հավելել է, որ առաջարկվող կարգավորումը որեւէ աղերս չունի միջազգային մոտեցումների հետ: Աշոտ Մելիքյանը կարծիք է հայտնել, որ հավատարմագրումից զրկում կամ դադարեցում չպետք է լինի մեր օրենսդրության մեջ:

Խոսելով պետական մարմինների գործունեության սկզբունքային տարբերությունների մասին՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշել է, որ հավատարմագրումը նպատակահարմար է միայն Ազգային ժողովում՝ հաշվի առնելով այդ կառույցի գործունեության առանձնահատկությունները, հատուկ պահպանման ռեժիմը: Զեկուցողը կարեւորել է ԱԺ հավատարմագրման կարգում ինքնակարգավորման մեխանիզմների ներառումը, աշխատակազմի եւ լրագրողների երկխոսությունը: Նշվել է, որ հավատարմագրված լրագրողներն իրենց շարքերից պետք է ընտրեն կարգի խախտման հարցերով զբաղվող մարմին: Նա հավելել է, որ կարգը պահպանելու պարտավորություններ պետք է ունենան ոչ միայն լրագրողները, այլ նաեւ՝ պատգամավորները եւ կարծիք հայտնել, որ պետք է լուծվի Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողովի գործունեության հարցը:

Լրատվամիջոցների խմբագիրներն ու ներկայացուցիչներն իրենց մտահոգություններն են հայտնել օրինագծի կարգավորումների առնչությամբ, կարեւորել մասնագիտական կազմակերպությունների հետ հարցի մանրամասն քննարկումը: Կարծիք է հնչել, որ կարգավորումը չի համապատասխանում Սահմանադրության դրույթներին եւ հակասում է մեր երկրի վավերացրած միջազգային պարտավորություններին: Օրենսդրական խնդիրների լուծման համատեքստում կարեւորվել է լրագրողական կազմակերպությունների եւ պետական կառույցների արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է եղել հավատարմագրման ներկա գործընթացի արդյունավետության հարցին:

Եզրափակիչ ելույթում հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կարեւորել է էթիկայի նորմերի երկկողմ պահպանումը եւ տեղեկացրել, որ նախաձեռնել է Էթիկայի հանձնաժողովի ձեւավորման գործընթաց: Նրա գնահատմամբ՝ յուրաքանչյուր խմբագրություն պետք է մշակի եւ հրապարակի էթիկայի այն կանոնները, որոնց հենց ինքն է հետեւելու: «Սա ինքնակարգավորման լավագույն միջոցն է»,-ասել է հանձնաժողովի նախագահը:

Թագուհի Թովմասյանն առաջարկել է ստորագրահավաք կազմակերպել, դիմել հեղինակներին՝ խնդրելով հետ վերցնել նախագիծը, ինչպես նաեւ դիմել Կառավարությանը՝ բացասական եզրակացության խնդրանքով: Հանձնաժողովի նախագահի համոզմամբ՝ քննարկումների արդյունքում պետք է գտնել երկու կողմի համար ընդունելի տարբերակ:


15.04.2022
Վլադիմիր Վարդանյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նիստին
Ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Հանձնաժողովի նիստում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների մտավոր սե...

15.04.2022
Վաղարշակ Հակոբյանն արժանացել է Ղազախստանի պետական պարգեւի
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը Ղազախստանի անկախության 30-ամյակի առթիվ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հրամանագրով պարգեւատրվել է պետական պարգեւով: Ապրիլի 15-ին մեդալը պատգամավորին հանձնել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետու...

15.04.2022
Այս տարի նշվում է Հայաստան-Ճապոնիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը
Կարեւորելով հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը եւ մշակութային երկխոսության ամրապնդումը՝ Ազգային ժողովի այգում ապրիլի 15-ին նշվել է Հանամիի տոնը, որը Ճապոնիայում խորհրդանշում է բերքը մեծարելը, ինչպես նաեւ բրնձի աճեցման ժամանակը հայտարարելը: Այս տարի նշվում է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ...

15.04.2022
Ռուսաստանը եղել է, կա եւ շարունակում է մնալ մեր ռազմավարական դաշնակիցը. Հայկ Մամիջանյան
Քանի դեռ Արցախյան հիմնախնդրի հստակ, նույնչափ հայանպաստ ձեւաչափ առկա չէ, ամեն կերպ անհրաժեշտ է պաշտպանել ԵԱՀԿ  Մինսկի խմբի գոյությունը, գործունեությունը, մանդատի ընկալելիությունը միջազգային  հանրության եւ կողմերի համար. խորհրդարանական ճեպազրույցներին ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քար...

15.04.2022
«Հայաստան» խմբակցությունը միանում է Արցախի խորհրդարանի ընդունած հայտարարությանը
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանում է Արցախի խորհրդարանում ընդունված հայտարարությանը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանն ապրիլի 15-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ: Պատգամավորն ընդգծել է, որ Արցախի Ազգային ժողովն ու Հայաստանի խորհրդար...

15.04.2022
Արցախի հարցի որեւէ լուծում, որի հետեւանքով Արցախը պետք է հայաթափվի, չի կարող ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության համար. Էդուարդ Աղաջանյան
Արցախահայության թիկունքում որեւէ գործընթաց չկա եւ չի կարող լինել: Եվ բնական է, որ այս գործընթացի կարեւորագույն շահառուն հենց Արցախի ժողովուրդն է. անդրադառնալով Արցախի խորհրդարանի ապրիլի 14-ին արած հայտարարությանը՝ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ապրիլի 15-...

15.04.2022
Տեղի կունենա քննարկում ԶԼՄ օրենքի փոփոխության վերաբերյալ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա քննարկում ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Հրավիրված են լրա...