National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.4.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
13.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2021թ. կատարման մասին զեկույցը
1 / 1

«2021թ. հետպատերազմական առաջին տարին է եղել, որի ընթացքում մեր երկիրն ունեցել է լրջագույն ձախողումներ եւ լրջագույն ձեռքբերումներ»,- այս մասին ապրիլի 13-ի ԱԺ նիստում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով ձեռքբերումների մասին՝ վարչապետն ընդգծել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հավելելով, որ ընտրական գործընթացով Հայաստանը ոչ միայն հաղթահարել է ներքաղաքական ճգնաժամը, այլեւ միջազգային ինստիտուտների գնահատմամբ՝ ընտրական ավտորիտարիզմ ունեցող երկրների շարքից անցել է ընտրական ժողովրդավարությամբ երկրների շարք: Ըստ վարչապետի՝ կարեւորագույն ձեռքբերում է եղել նաեւ մակրոտնտեսական կայունության ապահովումը: 2021թ. պետական բյուջեի հարկային եկամուտները տարեսկզբին պլանավորվածի նկատմամբ գերակատարվել են 147 մլրդ դրամով: «Հետպատերազմական ճգնաժամային տարում Կառավարությունը ոչ միայն չկրճատեց ծախսերը, այլեւ լրացուցիչ ծախսեր ֆինանսավորելու հնարավորություն ունեցավ»,- նշել է Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ դրանց զգալի մասն ուղղվել է Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է, որ 2020թ. նոյեմբերից մինչեւ 2021թ. ավարտը Հայաստանի կառավարությունն Արցախում իրականացրել է 136 մլրդ դրամի ծրագիր, իսկ 2022թ. բյուջեով 144 մլրդ դրամի ֆինանսավորում է նախատեսել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը նախկինում երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին, որքան հիմա:

Հաշվետու տարում կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացվել՝ տարեսկզբի պլանավորվածի նկատմամբ 100 տոկոս: Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի պատմության մեջ նման ցուցանիշ երբեք չի եղել:

Խոսելով պատերազմի եւ դրա հետեւանքների մասին՝ վարչապետն ասել է. «Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի եւ թե՛ պարտության համար: Բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020թ. նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու եւ այդպիսով նաեւ դավաճանության մեջ»:

ՀՀ վարչապետն արձանագրել է, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել, եւ Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է:

ՀՀ վարչապետը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի վարած ռասիստական քաղաքականությանը: Խոսելով խաղաղության բանակցությունների բուն գործընթացից՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները:

Վարչապետն արձանագրել է, որ այսօր միջազգային հանրությունը գործընթացին աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է խաղաղության պայմանագրի գործընթացը սկսելու պատրաստակամության մասին:

Անդրադառնալով 2021թ. ձախողումներին՝ Կառավարության ղեկավարը խոսել է ադրբեջանական ստորաբաժանումների Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատված ներխուժելու մասին:

«Ինչո՞ւ այդ ձախողումը տեղի ունեցավ: Այս հարցի պատասխանը ստանալու համար թերեւս տեղի ունեցածը պետք է դիտարկել դրան նախորդած մի շարք կարեւոր իրադարձությունների խորապատկերում:

2021թ. մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձակվեց իրավունքի ուժով, եւ մեր երկիրը թեւակոխեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ եւ միանշանակ է, որ դրանից երկու օր անց տեղի ունեցած ներխուժման մոտիվացիաներից մեկը Հայաստանի պետական ինստիտուտները եւ պետականությունը կաթվածահար անելն էր, նախընտրական եւ հետընտրական քաոսի հարուցումը եւ ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալը: Կարող ենք ուղիղ ասել, որ դա հարձակում էր նաեւ Հայաստանի ժողովրդավարության վրա:

Բայց մայիսյան ներխուժման համատեքստը կիսատ կմնա, եթե հաշվի չառնենք փետրվարին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը բացահայտ կերպով քաղաքականության մեջ ներքաշվեց, Կառավարության հրաժարականը պահանջող հայտարարություն տարածելով: Պետք է արձանագրել, որ ընդդիմությունը, որի երբեմնի առաջնորդի խոստովանությամբ, ինքը դեռ պատերազմի ժամանակ էր գեներալներին կոչ անում հրացանափողերն ուղղել ոչ թե հակառակորդի, այլ Հայաստանի կառավարության շենքի վրա, ի վերջո հասավ իր նպատակին եւ պարզվեց, որ բանակում կան ուժեր, որոնց ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչ է կատարվում սահմանին, այլ այն, թե ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում, Բաղրամյան պողոտայում, Մելիք-Ադամյան փողոցում»,-նշել է վարչապետը:

Չնայած ձախողումերին՝ 2021թ. բարեփոխումների տեսանելի արդյունքներ եւս կան:

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ 2018թ. ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը շարունակում է մնալ կիսադատարկ քրեակատարողական հիմնարկների երկիր:

«Նախորդ շաբաթ հրապարակվեց Եվրոպայի խորհրդի 2021թ. քրեական վիճակագրությունը: Ըստ այդմ՝ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 36.8 անձ, այսինքն՝ մեր երկրում 100 բանտային տեղից զբաղված է 36.8-ը: Այս ընթացքում Հայաստանում փակվել է երկու քրեակատարողական հիմնարկ: Չեմ կարող չընդգծել այս ցուցանիշի քաղաքական իմաստը, եւ սա իրոք ժողովրդավարական երկրին հատուկ եւ ժողովրդավարական երկրին վայել ցուցանիշ է »,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ անսովոր եւ գերբնական ջանքեր են պահանջվում մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու եւ պահպանելու համար:

«Մեզ հարկավոր է մեր պետական շահի շուրջ կառուցված քաղաքացիական եւ ազգային միասնություն:  Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձեւեր, ու մենք պիտի այս փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնենք խաղաղ հանգրվանի: Եվ համոզված եմ՝ մենք դա կանենք: Եվ դա է մեր պատմական առաքելությունը»,- ելույթն ամփոփել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: