Տպել
09.04.2022
Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանների աշխատակազմերի հարաբերությունները զարգացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել
1 / 3
Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների մշտական զարգացումը, միջազգային լավագույն փորձի փոխանակումը կարեւորել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Աթենքում Հունաստանի խորհրդարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Գեորգիոս Միլոնակիսի հետ հանդիպմանը:

Վահան Նարիբեկյանը, շնորհավորելով Հունաստանի անկախության տոնը, կարեւորել է երկու բարեկամ երկրների խորհրդարանների աշխատակազմերի համագործակցությունը, որին նոր ազդակ է հաղորդել «Թվինինգ» ծրագիրը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունն առավել կխորանա՝ օգտագործելով «Թվինինգ» ծրագրի լայն հնարավորությունները: Նա հույն գործընկերոջը հրավիրել է Հայաստան: Գեորգիոս Միլոնակիսն ընդունել է հրավերը:

Կողմերն աշխատակազմերի հարաբերությունները նաեւ համատեղ նախագծերի իրականացման շրջանակում զարգացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Հարցն ավելի մանրամասն կքննարկվի Հունաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարի՝ Հայաստան այցի ժամանակ:

Հունաստանի խորհրդարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, շնորհակալություն հայտնելով գործընկերոջը շնորհավորանքների համար, ընդգծել է երկու աշխատակազմերի համագործակցության որակական նոր փուլի ընթացքը «Թվինինգ» ծրագրի շրջանակում: Նա Հունաստանի խորհրդարանի աշխատակազմի ձեռքբերումների վերաբերյալ մասնագիտական տեղեկատվություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել: Դա վերաբերում է, մասնավորապես, աշխատանքների թվայնացմանը, կիբերանվտանգությանը եւ գործընթացների ղեկավարմանը:

Վահան Նարիբեկյանը ներկա է եղել նաեւ Հունաստանի անկախության 200-ամյակին նվիրված՝ Հունաստանի խորհրդարանի աշխատակազմի կազմակերպած ցուցահանդեսին, այցելել է թանգարան, ծանոթացել ցուցանմուշներին, թանգարանի եւ գրադարանի աշխատանքների առանձնահատկություններին:

Աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է եղել են նաեւ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Մաքսիմոս Խարակոպուլոսի եւ կառույցի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են համագործակցության հետագա քայլերը:

Հանդիպումներին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը: