Տպել
08.04.2022
Քննարկման առանցքում են եղել հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման սահմանափակումները
1 / 5

Մարտի 15-ից ուժի մեջ են մտել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի այն դրույթները, որոնցով սահմանափակվում է հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի եւ դրա փոխարինիչների օգտագործումը: Սա արվել է մարդկանց առողջությունը պահպանելու նպատակով, բայց գործարարների խոսքով՝ որոշակի դժվարություններ է ստեղծել իրենց համար:

Այս հարցով ապրիլի 8-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, տնտեսվարողներ, Կառավարությունից ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի խոսքով՝ խնդիրը հրատապ է, քանի որ սրճարանային բիզնեսը նաեւ սեզոնային է, եւ սրճարանում ծխելն արգելելու պատճառով բազմաթիվ տնտեսվարողներ կարող են տնտեսական վնասներ կրել: Վահե Հակոբյանը նշել է, որ տնտեսվարողներից ստացած առաջարկները հանձնաժողովն առաջիկայում կքննարկի եւ կփորձի լուծումներ գտնել: Նրա գնահատմամբ՝ խնդրին ոչ թե կարճաժամկետ, այլ համակարգային լուծումներ են անհրաժեշտ:

Տնտեսվարողները բարձրաձայնել են մի շարք խնդիրներ՝ նշելով, որ հանրային սննդի բազմաթիվ օբյեկտներ տնտեսական վնասներ են կրում եւ դրա հետեւանքով կանգնած են փակվելու վտանգի առջեւ: Նշվել է, որ խնդիրն առաջին հերթին օրենքի իրագործման անհնարինությանն է վերաբերում. չկա օրենքի իրականացման համապատասխան գործիքակազմ: Քննարկվել են բացօթյա տարածքներում ծխելը թույլատրելու, ծխելու մասնագիտացված սրահները տարանջատելու եւ կոնկրետ մասնագիտացված ծառայություն մատուցելու հնարավորությանը, ծխելու համար օբյեկտին լրացուցիչ լիցենզիա տրամադրելուն կամ պետական տուրքի բարձրացմանը վերաբերող հարցեր:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը  կարծիք է հայտնել, որ այնպիսի կարգավորումներ են անհրաժեշտ, որոնք եւ՛ կպաշտպանեն պասիվ ծխողներին, եւ՛ տնտեսվարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ կստեղծեն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի կարծիքով՝ այս փուլում օրենքի դրույթները պետք է թողնել անփոփոխ, քանի որ շատ տնտեսվարողներ իրենց գործողություններն արդեն հարմարեցրել են այդ կարգավորումներին: Ըստ նրա՝ փոփոխությունն այս պահին կարող է ավելի բացասական ազդեցություն ունենալ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը պարզաբանել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում այս քննարկմանը, քանի որ վերոնշյալ խնդիրներին արդեն անդրադարձել են մարտի 31-ին նախաձեռնած աշխատանքային քննարկման ընթացքում: Տնտեսվարողների առաջարկներն այժմ քննարկման փուլում են:

Անդրադառնալով ծխել թույլատրելու դիմաց լրացուցիչ հարկեր սահմանելու առաջարկին՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը կարծիք է հայտնել, որ կարգավորման նպատակը ոչ թե հարկեր հավաքելն է, այլ մարդկանց առողջությունը պահպանելը: Սակայն գործունեության որոշ տեսակների լիցենզավորման եւ տուրք սահմանելու հնարավորությունը քննարկման ենթակա է, ընդ որում՝ նման տուրք սահմանելու դեպքում տուրքի չափը պետք է լինի այնպիսին, որ մի կողմից նպաստի հանրային առողջության բարելավմանը, իսկ մյուս կողմից չհանգեցնի ընկերությունների փակմանը:

Վահե Հակոբյանը նշել է, որ տնտեսվարողների առաջարկով օրենքի ընդունումից հետո առաջացած խնդիրները քննարկելու նպատակով հետամուտ է լինելու, որ հանձնաժողովում ստեղծվի աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն բոլոր շահառուները: 


08.04.2022
Հույն պատգամավորը դատապարտել է հայ ռազմագերիների` մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը
Արցախում եւ Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ներկա անկայուն իրավիճակն են ապրիլի 7-ին քննարկել Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Աթենքում՝ հանդիպելով Հունաստան...

08.04.2022
Առաջարկվում է ինքնավար մարմինների անդամների ընտրության գործընթացը սկսել մինչեւ պաշտոնի թափուր մնալը
Օրենքի նախագծի նպատակն է, որ ԱԺ-ն հնարավորություն ունենա մինչեւ ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտն ընտրություն կատարել, ինչը թույլ կտա մշտապես ապահովել մարմնի բոլոր անդամների առկայությունը. ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է Մրցակցության պաշտպանության...

08.04.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...