Տպել
27.02.2022
Էդուարդ Աղաջանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ քաղաքական եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում
1 / 1

Փետրվարի 24-25-ը մեկնարկել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի աշխատանքներին Վիեննայում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նա ելույթ է ունեցել Քաղաքական եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում՝ մասնավորապես նշելով.

«Հարգելի գործընկերներ,

կարծում եմ` Ադրբեջանից իմ գործընկերոջ ելույթը եւս մեկ անգամ առանց բացառության հաստատեց բոլոր այն փաստարկները, որոնք ես հնչեցրեցի այսօր համատեղ նիստի ժամանակ իմ ելույթի շրջանակում: Սակայն, փորձելով այս երկխոսությունը տեղափոխել ավելի կառուցողական դաշտ՝  ես կցանկանայի ասել հետեւյալը: Ընթացիկ բանավեճը նվիրված է ԵԱՀԿ տարածքում լարվածության աճի ժամանակ միջխորհրդարանական երկխոսության անհրաժեշտության քննարկմանը: Եվ, իրապես, խորհրդարանականներն ունեն ավելի ճկուն, թափանցիկ եւ անմիջական երկխոսության համար ավելի մեծ ազատություն, քան գործադիր իշխանությունը ներկայացնող մեր գործընկերները: Այս համատեքստում, կարծում եմ, որ խորհրդարանականների դերը կայուն խաղաղության կառուցման ճանապարհին պետք է լինի հասարակությունների եւ մարդկանց մակարդակում: Այն է, այլ գործառույթների շարքում, միջխորհրդարանական երկխոսությունը պետք է նպաստի եւ աջակցի հակամարտող երկրների հասարակությունների միջեւ երկխոսության հաստատմանը: Եվ փոխադարձ վստահության ձեւավորման ճանապարհին, առաջին հերթին, կարեւոր է դադարեցնել եւ վերացնել երկու հասարակությունների միջեւ այլատյացության եւ ատելության խոսքի ցանկացած դրսեւորում:

Հարգելի գործընկերներ,

դժբախտաբար, Ադրբեջանի դեպքում, մինչեւ հասարակության շրջանում առկա խնդիրների դիտարկումը, հարկ է, առաջին հերթին, անդրադառնալ պետական մակարդակով այլատյացության քարոզչությանն ու ատելության խոսքին: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված վերոհիշյալ վարքագծի օրինակներ. վերջինս հայերի մասին ասում է. «Նրանք ոչ գիտակցություն ունեն, ոչ բարոյականություն: Նրանք նույնիսկ ուղեղ չունեն», կամ «30 տարիների ընթացքում այս երկիրը եղել է վայրի գազանների ձեռքերում, գիշատիչների ձեռքերում, շնագայլերի ձեռքերում»: Որոշ մարդիկ կարող են վիճարկել, որ պետական մակարդակով ադրբեջանական այլատյացության գագաթնակետը Բաքվի կենտրոնում, այսպես կոչված «ռազմավարի պուրակն» է, որտեղ, ի թիվս այլ բաների, հայ զինվորների նվաստացուցիչ մանեկենները ցուցադրված էին այցելուներին զվարճացնելու, ժամանցն ապահովելու նպատակով: Ի դեպ, մանեկեններն ավելի ուշ հեռացրին Արդարադատության միջազգային դատարանի կողմից իրականացվող ավելի խիստ միջանկյալ պատժամիջոցներից խուսափելու համար: Այնուհանդերձ, Արդարադատության միջազգային դատարանը կիրառեց միջանկյալ պատժամիջոց, որտեղ այլ պատժամիջոցների հետ մեկտեղ նշեց, որ Ադրբեջանը պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկի հայ էթնիկ ծագում կամ քաղաքացիություն ունեցող մարդկանց հանդեպ ռասսայական ատելության եւ խտրականության հրահրումն ու խթանումը կանխելու համար, այդ թվում նաեւ՝ իրենց պաշտոնյաների եւ պետական կառույցների կողմից:

Հարգելի գործընկերներ,

խոսելով հասարակությունների միջ երկխոսության դյուրացման հարցում միջխորհրդարանական երկխոսության մեծ նշանակության մասին՝ կարծումեմ, որ մենք առաջնահերթ պետք է վերացնենք պետական մակարդակով այլատյացության քարոզչությունը եւ ատելության խոսքը: Հետեւաբար, ես հորդորում եմ մեր ադրբեջանցի գործընկերներին դադարեցնել այս վարքագիծը, եթե, իհարկե, մենք տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու մեր ցանկության մեջ ազնիվ ենք:

Շնորհակալություն»:
 


27.02.2022
Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստի ընթացքում
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի՝ փետրվարի 24-25-ը տեղի ունեցած ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել է կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը: Ելույթ ունենալով Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձ...