Տպել
24.01.2022
Քննարկվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի հարցը
1 / 12

Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրվել է Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանձնաժողովին հակիրճ ներկայացրել է առաջադրված թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային անցած ուղին: Նշվել է, որ Ռուբիկ Հակոբյանը հիմնադրել եւ ղեկավարել է ՀՀ ԳԽ մամլո ծառայությունը, հեղինակել եւ վարել է մի շարք հեռուստածրագրեր:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունն առաջադրելիս կարեւորել են մասնագիտական առանձնահատկությունը` նշելով, որ այս հանգամանքը կօգնի արդյունավետ իրականացնել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի գործունեությունը:

Ռուբիկ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքների, հանձնաժողովի անդամներին տրված վերահսկողական լծակների, լիազորությունների, գործիքակազմի վեաբերյալ իր տեսլականը, անդրադարձել  նաեւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրարկելիությանը վերաբերող որոշ դրույթների:

Հանձնաժողովի նիստը կշարունակվի հունվարի 25-ին: