Տպել
24.01.2022
Խորհրդարանը շարունակել է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումը
1 / 27

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 24-ի հերթական նիստում շարունակել է քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:

Այդ պաշտոնում ընտրելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը: 
 
Թեկնածության վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունները:

«Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար  Արծվիկ Մինասյանը: Նա ընդգծել է հանրային կյանքում ՄԻՊ ինստիտուտի կարեւոր նշանակությունը,  անդրադարձել Քրիստիննե Գրիգորյանի հնչեցրած մի քանի  մտքերի՝ հակադարձելով դրանց:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դրական դիրքորոշումը Քրիստիննե Գրիգորյանի թեկնածության վերաբերյալ ներկայացրել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա ընդգծել է, որ թեկնածուն ունի բարձր հեղինակություն եւ  տիրապետում է մասնագիտական լավագույն որակների, ինչպես նաեւ առանձնանում է անձնային դրական հատկանիշներով:

«Խմբակցությունը միանշանակ կողմ է քվեարկելու Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությանը»,-ասել է Հայկ Կոնջորյանը:

Եզրափակիչ ելույթում  Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին, տվել պարզաբանումներ: Նա շնորհակալություն է հայտնել խորհրդարանին  շահագրգիռ քննարկման, առաջարկների, քննադատության ու դրական գնահատականների  համար:

«ՄԻ պաշտպան ընտրվելու դեպքում կլինեն առիթներ՝ ըստ գործերի եւ արդյունքների գնահատելու իմ գործունեությունը: Ես տրամադրված եմ ամենայն պատասխանատվությամբ իրականացնելու Մարդու իրավունքների պաշտպանի կարեւոր առաքելությունը, շարունակելու Պաշտպանի  հաստատության ինստիտուցիոնալ կայացումը»,-ամփոփել է խոսքը Քրիստիննե Գրիգորյանը: