Հունվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովը քննարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը:
Թեկնածուի կենսագրական տվյալներն ու անցած ուղին ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա նշել է, որ Քրիստիննե Գրիգորյանն ունի բարձրագույն կրթություն երկու մասնագիտությամբ` արեւելագիտություն եւ իրավաբանություն: Ունի ավելի քան 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ` հիմնականում պետական մարմիններում` ԱԺ աշխատակազմում, Արդարադատության նախարարությունում, առաջին փոխվարչապետի աշխատակազմում: Նա 2019-ի հուլիսին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2021-ի ապրիլից` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ: 2022-ի հունվարի 20-ին Գրիգորյանն ազատվել է նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրելու համար: Նա ընդգծել է, որ մեր երկրում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը զարգացման տպավորիչ ճանապարհ է անցել. «Այսօր պաշտպանի ինստիտուտը կայացած հաստատություններից մեկն է, որն իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական հակակշռի իր առաքելությունը»:
Թեկնածուն ընդգծել է, որ ընտրվելու դեպքում հետ չի վերցնելու Սահմանադրական դատարան ներկայացրած Մարդու իրավունքների պաշտպանի դիմումները եւ դա ունի հաստատության հեղինակությունը հաջորդ պաշտպանի կողմից չստվերելու տրամաբանական բացատրությունը: Քրիստիննե Գրիգորյանը հավելել է, որ ընտրվելու դեպքում տարեկան հաղորդումը եւ բյուջեի քննարկումները չեն, որ պետք է դառնան այն քիչ առիթները, երբ պաշտպանը կզեկուցի խորհրդարանին իրերի ու իրավիճակի մասին:
Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին: