Տպել
21.01.2022
Խորհրդարանը շարունակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը
1 / 18

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 21-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, որից հետո շարունակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը: Այդ պաշտոնում ընտրելու համար ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Արթուր Մանուկյանի թեկնածությունը:

Ելույթ ունենալով` Արթուր Մանուկյանն անդրադարձել է իր կենսագրության որոշ տվյալների, կարեւորել հայկական բարձրարժեք երաժշտության հեռարձակումը եթերով: Այս համատեքստում նա անդրադարձել է հեռուստատեսությունում տեղ գտած որոշ անորակ թատերական  ծրագրերին, ինչպես նաեւ ցածրորակ երգերին:  «Մանկական հաղորդումներ, պատանեկան ֆիլմեր չունենք, երիտասարդների համար միայն գռեհկաբանական հաղորդումներ ունենք: Մենք սերունդներ ենք կորցնում: Հայոց լեզուն դառնալու է շուկայի լեզու: Հազարամյա լեզու է, ափսոս չի՞»,- նկատել է նա` անդրադառնալով  հեռուստատեսությամբ հեռարձակվող ցածրաճաշակ հաղորդումներին: «Այստեղ չկան մարդիկ, որոնց գոհացնում է մեր հեռուստատեսային արտադրանքը, այստեղ /հեռուստատեսությունում/ դեռ խնդիրներ կան լուծելու»,- ասել է նա` նկատի ունենալով նախորդ օրվանից խորհրդարանում ընթացող քննարկումները: Նրա համոզմամբ` մարդիկ մտահոգված են այս խնդիրներով, եւ պետք է լուծել դրանք:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին: Նա նշել է` ընտրվելու դեպքում լինելու է անաչառ, սառեցնելու է գործունեությունը կուսակցությունում:

Արթուր Մանուկյանի թեկնածության,  մշակութային քաղաքականության, եթերի բովանդակության, դրա նկատմամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ազդեցության, ՀՌՀ գործառույթների եւ լիազորությունների վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով գործընկերների ելույթներին: Նա նաեւ խոսել է տեսալսողական  մեդիայի ազդեցությունից` ընդգծելով բարձրարժեք բովանդակությամբ նյութեր հեռարձակելու կարեւորությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Պատգամավորն  անդրադարձել է ներքաղաքական խնդիրներին, թեկնածու Արթուր Մանուկյանի հնչեցրած որոշ դիտարկումների:  Ըստ նրա` թեկնածուն չի ներկայացրել ծրագրային դրույթներ, թե ինչպես է աշխատելու ընտրվելու պարագայում:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արթուր Հովհաննիսյանը: Անդրադառնալով ռադիոյի եւ հեռուստատեսության ազդեցությանը` պատգամավորն ընդգծել է. «Ամեն ինչ պետք է անենք, որ գոնե հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում չլինեն երեւույթներ, որոնք վտանգում են ազգային անվտանգությունը, պետականությունը, ժողովրդավարությունն ու մեր բանականությունը»: Դիմելով ՀՌՀ անդամի պաշտոններում առաջադրված Հակոբ Հակոբյանին եւ Արթուր Մանուկյանին` Արթուր Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ ընտրվելու պարագայում նրանք հաջողությամբ կկատարեն իրենց աշխատանքը:

Եզրափակիչ ելույթում Արթուր Մանուկյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին, տվել պարզաբանումներ: