Տպել
20.01.2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խիստ մտահոգված է հայ ռազմագերիների ճակատագրով
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսի, Բրեդ Շերմանի եւ հանրապետական Քրիս Սմիթի հետ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբի անդամ Մարիա Կարապետյանն ու ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսը նշել է, որ իրենք 2018 թվականից ի վեր առանձնակի ուշադրությամբ հետեւում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել մշտապես աջակցելու այդ բարեփոխումներին:

Հանդիպմանը քննարկվել են 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին առնչվող հարցեր: Ամերիկացի գործընկերների խնդրանքով Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի սահմանային անվտանգության, հետպատերազմյան հումանիտար խնդիրների լուծման եւ Ադրբեջանում պահվող պատանդների հայրենադարձման հարցերին: Ամերիկյան կողմը տեղեկացրել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը եւ մասնավորապես իրենց հանձնաժողովը խիստ մտահոգված է ռազմագերիների ճակատագրով եւ կարծում է, որ նրանք պետք է անհապաղ հայրենիք վերադարձվեն: Հանձնաժողովի նախագահը հանդիպմանը շեշտել է, որ չափազանց կարեւոր է ապահովել Հարավային Կովկասի կայունությունը եւ այդ համատեքստում անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը եւ խնդրի տեւական կարգավորմանը: Միացյալ Նահանգները մեծապես կնպաստի դրան՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով:

Հանդիպմանն Ալեն Սիմոնյանն ընդգծել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության ճանաչման կարեւորությունը՝ շեշտելով այդ հարցում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դերակատարությունը: Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին բարձր գնահատանքի համար՝ ներկաները եւս մեկ անգամ շեշտել են, որ այն իսկապես շարունակական աշխատանքի արդյունք է եղել:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ եւ փոխադարձ այցելություններ: ԱԺ նախագահը հրավիրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին ու անդամներին այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին եւ ժողովրդավարական ձեռքբերումներին:


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...