Տպել
20.01.2022
Փոփոխություններ եւ լրացումներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում
1 / 22

Հունվարի 20-ին խորհրդարանը, շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխություններով կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու կամ երկարաձգելու իրավունքը, ինչպես նաեւ կհստակեցվի կասեցված կամ երկարաձգված վարչական վարույթներով վարչական տույժ նշանակելու ժամկետը:

Ծովինար Սողոմոնյանը տեղեկացրել է, որ նախագիծը քննարկվել է  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Մասնավորապես, առաջարկվել է սահմանել տույժի նշանակման վերին շեմ, ինչպես նաեւ քննարկել այս փոփոխությունները միայն հարկային կամ մաքային գործերով վարչական վարույթ իրականացնելու դեպքերում սահմանափակելու հարցը: Առաջարկություններն ընդունելի են եղել Կառավարության կողմից  եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը լրամշակել՝ ներկայացված առաջարկներով:

Հարակից զեկուցող,  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է վերացնել օրենսդրական դաշտում առկա բացը: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին: Խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ քննարկված նախագիծը: Քվեարկությամբ ընդունվել են նաեւ նախորդ օրը քննարկված օրինագծերը, բացառությամբ Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի առաջարկությամբ օրինագիծը քվեարկությամբ տեղափոխվել է գրավոր առաջարկությունների ներկայացման փուլ: