Տպել
19.01.2022
Նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը
1 / 8

Հունվարի 19-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, նշել է, որ նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը: Փոփոխությունների արդյունքում հնարավորություն կընձեռվի նաեւ հարկ վճարողներին իրենց առարկությունները հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:

Առաջարկվում է նաեւ օրենսգրքով նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան հաշվառումից հանելու հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները:

Հարկ վճարողներին անտեղի անհանգստացնելու ռիսկերը չեզոքացնելու նպատակով նախագծով սահմանվել է մի քանի կարեւոր պայման: Առաջինը` նշված թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագիր կարող է հրապարակվել ոչ ավելի, քան յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում մեկ անգամ: Երկրորդը` թեմատիկ ուսումնասիրության իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ բացառապես հարկային մարմնի կողմից իրականացված վերլուծության արդյունքները, որոնց մասին հարկ վճարողը նախապես ծանուցվել է: Երրորդ` հարկային մարմնում բավարար տեղեկատվության առկայության դեպքում տվյալ ուսումնասիրության տեսակը կարող է իրականացվել նաեւ առանց հարկ վճարողին այցելության` հարկային մարմնի գրասենյակում:

Հարակից զեկուցմամբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: