Տպել
19.01.2022
Փոխհատուցում կստանան կին, զավակներ եւ ծնողներ չունեցող զոհված զինծառայողների հարազատ եղբայրները, քույրերը, տատերը, պապերը
1 / 5

Հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների ընտանիքի անդամներին տրվում է հատուցում Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման հիմնադրամի կողմից: Օրենքով սահմանված է, որ զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու են հանդիսանում զինծառայողի կինը, զավակները եւ ծնողները:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին հայտնի է դարձել 16 դեպք, երբ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած անձինք չունեն կին, զավակներ եւ ծնողներ: «Այս զինծառայողների մասով հատուցում չի տրամադրվել ընտանիքի որեւէ անդամի»,- ընդգծել է պատգամավորը եւ հավելել, որ նրանք ունեն հարազատ քույր, եղբայր, տատ եւ պապ: Հայկ Սարգսյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում, ըստ որի` այն զոհված զինծառայողների մասով, ովքեր չունեն կին, զավակներ եւ ծնողներ, շահառու ճանաչել նրանց հարազատ եղբայրներին, քույրերին, տատերին ու պապերին: «Մեր պարտականությունն ու պարտավորությունն է մեր այս հայրենակիցների մասով նույնպես կատարել հատուցումը, եւ նրանց ընտանիքի անդամներին վճարել այդ գումարները»,- նշել է զեկուցողը: Նրա տեղեկացմամբ` հատկացվելիք գումարը բաշխվելու է հավասարաչափ: Եթե զոհված զինծառայողն ունի երկու հարազատ եղբայր, նրանցից յուրաքանչյուրը կստանա միանվագ 5 մլն դրամ եւ 100 հազար դրամ` առաջիկա քսան տարիների ընթացքում ամենամսյա կտրվածքով:

Մեկ այլ փոփոխությամբ Հայկ Սարգսյանն առաջարկում է շահառու ճանաչել նաեւ զոհված զինծառայողի հետ փաստական, սակայն չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձանց:

Հարակից զեկույցում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշել է, որ նախաձեռնությունը լրամշակվել է Կառավարության  առաջարկների հիման վրա:

Գլխադասային` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը:

Ելույթներում պատգամավորները ողջունել են նախաձեռնությունը եւ հորդորել կողմ քվեարկել:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հունվարի 19-ի նիստում: