Տպել
19.01.2022
Իրավահավասար պայմաններ դատական փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների համար
1 / 11

Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի, Էմմա Պալյանի, եւ Հռիփսիմե Հունանյանի հեղինակած ««Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է հունվարի 19-ի նիստում:

Հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանի ներկայացմամբ` գործող օրենքի համաձայն` թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններ անցկացնելու համար նախատեսվում է լիցենզիայի առկայություն: Նախանշված են բացառություններ Առողջապահության եւ Արդարադատության նախարարությունների ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների եւ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման համար: Նարեկ Զեյնալյանը նշել է, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը դուրս է մնացել նշված բացառությունների ցանկից: Առաջարկվում է Արդարադատության եւ Առողջապահության նախարարությունների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ները հանել բացառությունների ցանկից` թողնելով միայն Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, քանի որ այն հանդիսանում է վերահսկող մարմին:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հարակից զեկուցող, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էմմա Պալյանը եւ կոչ արել կողմ քվեարկել:

Կառավարության ներկայացուցիչ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ նախագիծը քննարկվել է Կառավարությունում, ինչպես նաեւ շահագրգիռ կողմերի հետ եւ ստացել է դրական եզրակացություն: