Տպել
18.01.2022
Դրամավարկային քաղաքականության ոլորտում ԿԲ-ն պետք է լինի համաշխարհային առաջատարներից մեկը. ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու
1 / 36

Հունվարի 18-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված օրենսդրական  նախաձեռնությունները:  

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

Նիստը նախագահող Հակոբ Արշակյանը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի  թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրական տվյալները ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Նա նշել է, որ Հովհաննես Խաչատրյանը սովորել եւ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, ունի մագիստրոսի կոչում: 2020-ի հուլիսին խորհրդարանի կողմից ընտրվել է ՀՀ ԿԲ-ի խորհրդի անդամ, կառույցի աուդիտի կոմիտեի անդամ է:

Հովհաննես Խաչատրյանը  շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին` մասնագիտական քննարկման եւ իր թեկնածությանը հավանություն տալու համար: Թեկնածուն առաջնահերթ է համարել ԿԲ թվային արժույթի թողարկումը: Հովհաննես Խաչատրյանի կարծիքով`  սպառողների շահերի պաշտպանության առանցքում պետք է լինի պատասխանատու վարկավորումը, ինչպես նաեւ սպառողների շրջանում ֆինանսական ծառայություններից օգտվելու տեխնոլոգիական հմտությունների ավելացումը: «Դրամավարկային քաղաքականության ոլորտում Կենտրոնական բանկը պետք է լինի համաշխարհային առաջատարներից մեկը, մասնավորապես զարգացող երկրների շրջանում»,- ընդգծել է թեկնածուն:

Հովհաննես Խաչատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը: Նա խոսել է սոցիալական խնդիրներից, մասնավորապես առաջանցիկ գնաճից: Ըստ բանախոսի` ԿԲ-ի սահմանադրական գործառույթներից է գնաճի կարգավորումը:

Եզրափակիչ ելույթում թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցադրումներին`  կապված Կենտրոնական բանկի անկախությանը, տարբեր իրադարձությունների տնտեսական հետեւանքների հաղթահարմանը, գնաճին, սպառողական վարկերի մասով ծանրաբեռնվածությանը, վարկային պորտֆելների աճին:

Հարցի քննարկումը կշարունակվի հունվարի 19-ի ԱԺ նիստում:
 


18.01.2022
Ազգային ժողով են այցելել Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողները եւ դասախոսները
Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակում հերթական ճանաչողական այցն էր: Հունվարի 18-ին խորհրդարանի հյուրերն էին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողները եւ դասախոսները: Այցելուներն ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել են խորհրդարանի աշխատանքներին, թանգարանում ծանոթացել ԱԺ հ...

18.01.2022
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումը
Հունվարի 18-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանի, Լենա Նազարյանի, Նարեկ Բաբայանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի...

18.01.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...