Տպել
11.01.2022
Տարրական դասարանների աշակերտները կապահովվեն անվճար դասագրքերով
1 / 6

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է «Կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի`  տարրական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների  առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով: Սիսակ Գաբրիելյանի տեղեկացմամբ`  գործող օրենքով պետությունը պետական բյուջեի հաշվին անվճար գրքերով ապահովում է միայն պետական դպրոցների աշակերտներին:

Ըստ էության, նախագիծն ամբողջությամբ ընդունվելուց հետո տարրական դասարանների  բոլոր երեխաները, անկախ հանգամանքից` սովորում են պետական թե ոչ պետական դպրոցում,  գրքերը կստանան անվճար: Հանրապետությունում այսօր գործում են ոչ պետական 48  դպրոցներ, որոնց  տարրական դասարաններում սովորում են ավելի քան 4000 երեխաներ: Պետական դպրոցների տարրական դասարաններում սովորողների թիվն ավելի է 54 հազարից:

Կառավարության դրական տեսակետը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել հունվարի 17-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագծի քննարկումը լրամշակման նպատակով հետաձգվել է մինչեւ երկու ամսով:  Նախաձեռնության հետ կապված` հանձնաժողովի որոշմամբ հունվարի 25-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ: