Տպել
11.01.2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չառաջադրել
1 / 3

Հունվարի 11-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում է եղել նաեւ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով. «Տեւական ժամանակ է մենք ականատեսն ենք մի գործընթացի, որի  ընթացքում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում 14 անգամ առաջադրվել է միեւնույն անձը եւ մերժվել հանձնաժողովի կողմից»: Նշվել է, որ բոլոր  նիստերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ներկայացրել են բոլոր այն հիմնավորումները, ըստ որոնց` ընդդիմության ներկայացրած թեկնածուն չի կարող համապատասխանել տվյալ պաշտոնին:

Արթուր Հովհաննիսյանն արձանագրել է` 2021 թվականի դեկտեմբերի 7-ի նիստի ընթացքում հայտարարվել է, որ «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի առաջադրում: Այս դեպքում, ըստ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի, տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը` այս դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:

Խմբակցության քարտուղարը տեղեկացրել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, 21-ին եւ 28-ին  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել եւ առաջարկել է ընդդիմադիր գործընկերներին քննարկումների ընթացքում նոր թեկնածու առաջադրել, ինչը տեղի չի ունեցել:

«Չնայած այս հանգամանքին եւ ընդդիմության կողմից պարբերաբար հնչող կեղծ  պնդումներին, թե իշխող խմբակցությունը ցանկանում է զավթել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը վերահաստատում է, որ այս ողջ գործընթացում հետապնդել է բացառապես հանձնաժողովի բնականոն աշխատանքներն ապահովելու նպատակ, եւ որպես վերը նշվածի ապացույց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրել` այն թողնելով թափուր»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով` հանձնաժողովն այուհետ հարցի վերաբերյալ նիստ կգումարի միայն, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կառաջադրի թեկնածու: 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...