Տպել
11.01.2022
Փոփոխություններ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում
1 / 7

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:

Նախագծի ընդունմամբ կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու կամ երկարաձգելու իրավունքը եւ կհստակեցվի կասեցված կամ երկարաձգված վարչական վարույթներով վարչական տույժ նշանակելու ժամկետը: Կհստակեցվի նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով հարկային մարմնի կողմից քննվող գործերով վերջինիս վերապահված իրավասությունների շրջանակը:

Առաջարկվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում վարչական վարույթը կասեցվելու կամ երկարաձգվելու դեպքում կասեցման կամ երկարաձգման ժամկետները չհաշվարկել օրենքով նախատեսված վարչական տույժ նշանակելու ընդհանուր ժամկետների մեջ: Ծովինար Սողոմոնյանը հստակեցրել է, որ պետական բյուջեի հարկերի եւ վճարների մասով վարույթի իրականացումը կվերապահվի Հարկային մարմնին, իսկ տեղական հարկերի եւ վճարների մասով վարույթի իրականացումը` ՏԻՄ-երին:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարծիք է հայտնել, որ առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է տալիս իրավական որոշակիություն մտցնել վարչական վարույթի եւ դրա ընթացքում անձին պատասխանատվության ենթարկելու ինստիտուտների միջեւ: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է նախաձեռնությունը` ընդգծելով, որ այն իրավակիրառողների համար ապահովելու է միասնական պրակտիկա: Նա առաջարկներ է ներկայացրել եւ նշել, որ առաջինից երկրորդ ընթերցում կարվեն համապատասխան շտկումներ:

Նախաձեռնությունը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: