Տպել
09.12.2021
Բաց դասեր Ազգային ժողովում
1 / 29

Դեկտեմբերի 9-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի թիվ 45 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:

Հյուրերը հետեւել են ԱԺ նիստերի աշխատանքներին, այցելել խորհրդարանի թանգարան եւ գրադարան:

Երեւանի թիվ 45 հիմնական դպրոցի սաների հետ հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը եւ Ալխաս Ղազարյանը: Նրանք ներկայացրել են օրենսդիր մարմնի կառուցվածքը եւ գործունեությունը:

Հարցուպատասխանի ընթացքում դպրոցականները հետաքրքրվել են կրթական ոլորտի փոփոխություններով, լսել ավագ դպրոցի վերաբերյալ պատգամավորների կարծիքը: Լուսինե Բադալյանի խոսքով` ավագ դպրոցների առկայությունը մեր երկրում պայմանավորված է միջազգային կրթական ստանդարտներին համապատասխանելու նպատակով:

Պատգամավորները տեղեկացրել են, որ մոտ ապագայում կյանքի կկոչվեն կրթական տարբեր ծրագրեր: Նրանք հորդորել են դպրոցականներին լավ սովորել,  մասնագիտությունը ընտրելիս առաջնորդվել սրտի թելանդրանքով:

Նույն օրը խորհրդարան են այցելել նաեւ Երեւանի Եւրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ֆակունտետի ուսանողները:

Հերթական  «Բաց դասն» անցկացրել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Լիլիթ Մինասյանն ու Արթուր Դավթյանը:

Բանախոսները կարեւորել են կրթված, բանիմաց ու զարգացած մասնագետի դերը հատկապես իրավագիտության զարգացման գործում:

Ուսանողների հարցերն առնչվել են քաղաքական, տնտեսական, իրավական ոլորտներին, համավարակի կանխման  խնդիրներին եւ այլն:

Արթուր Դավթյանն ուսանողներին հորդորել է մասնագիտանալ քաղաքացիական իրավունքի, մտավոր սեփականության ոլորտների գծով, քանի որ այդ մասնագիտություններն այսօր պահանջված են աշխատաշուկայում:

Լիլիթ Մինասյանն անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ընդգծել է ենթակառուցվածքների բացման անհրաժեշտությունը: Իսկ համավարակի կանխարգելման գործում ԱԺ պատգամավորը կարեւորել է դիմակի կրումն ու պատվաստումը:

Պատգամավորները երկրի ապագայի համար շեշտադրել են օրենսդիր, գործադիր մարմինների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ անհատ քաղաքացիների նպատակային գործունեության կարեւորությունը:

Բանախոսների մաղթանքն ուսանողներին եղել է երկրի լիարժեք քաղաքացի դառնալը: