Տպել
09.12.2021
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր
1 / 9

Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի եւ Սարգիս Խանդանյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Թագուհի Ղազարյանը հիշեցրել է, որ կարգավորումները նախատեսում են պատասխանատվություն նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրներին հղում տալու եւ ապօրինի խոսք պարունակող տեղեկատվությունը փոխանցելու դեպքերում: Լրատվամիջոցն այդ պարագայում պատասխանատվություն է կրելու: Պատգամավորի խոսքով՝ լրատվամիջոցները ելքային տվյալներ չունեցող աղբյուրներին հղում անելիս պետք է ռիսկերը նկատի ունենան, քանի որ իրենք են պատասխանատվություն կրելու ապօրինի խոսքի համար: «Այս նախագիծը խոսքի ազատության սահմանափակման մասին չէ, ընդամենը նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրները հավասարեցվում են անանուն աղբյուրներին»,-պարզաբանել է Թագուհի Ղազարյանը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ են ստացվել Արդարադատության նախարարությունից: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի առաջարկներն ընդունվել են, իսկ ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջարկները՝ ոչ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ իրենք համագործակցել են հեղինակների հետ, Կառավարության գրեթե բոլոր առաջարկներն ընդունվել են:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կարեւորել է տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված օրենսդրական կարգավորումները: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ որպես պատերազմող երկիր՝ մեր պետությունը տեղեկատվական դաշտում պետք է ունենա հուսալի պաշտպանական համակարգ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Լիլիթ Գալստյանը: Պատգամավորի խոսքով՝ չնույնականացվող աղբյուրը նույնական է անանուն աղբյուրի հետ եւ լրատվամիջոցի գնահատման դաշտում է այս կամ այն լուրի առնչությամբ հղում անելը, իսկ աղբյուրի բացահայտումը լրագրողը կարող է եւ պարտավոր է անել սահմանված դեպքերում միայն դատարանի որոշմամբ: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ առաջարկող, ««Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթները, ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-495-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը, ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը, ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: