Տպել
09.12.2021
Կանոնավոր ուղեւորափոխադրումների տարեկան տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման մեկանգամյա տուրքով
1 / 3

««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի նիստում:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ 2014 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պահանջը հանվել է, իսկ տարեկան պետական տուրքի պահանջը պահպանվել: Տարբեր ոլորտներում անժամկետ լիցենզիայի պահանջով գործունեություն իրականացնելու համար սահմանված է պետական տուրք, իսկ հստակ ժամկետներով գործունեություն իրականացնելու համար` մեկանգամյա տուրք` գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար: Արմեն Սիմոնյանի խոսքով` նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի նաեւ կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման պարագայում, քանի որ մրցութային կարգերով երթուղիների սպասարկման իրավունքը տրվում է որոշակի ժամկետով:

Առաջարկվող կարգավորմամբ կանոնավոր ուղեւորափոխադրումների տարեկան սպասարկման համար սահմանված տարեկան պետական տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման համար մեկանգամյա պետական տուրքով: Երթուղու սպասարկման տարեկան տուրքը չվճարելն այլեւս երթուղու սպասարկման իրավունքից զրկելու հիմք չի լինի: Մրցութային կարգով սպասարկում իրականացնելու իրավունք ստացած կազմակերպությունն օրենսդրական փոփոխությունից հետո 10 տարվա համար մեկ անգամ կվճարի 100,000 դրամ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է պատգամավոր Հայկ Ցիրունյանը:

Ազգային ժողովը քվեարկություններով ընդունել է հերթական նիստի ընթացքում քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Չի ընդունվել «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: