Տպել
09.12.2021
ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածը
1 / 9

Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը, ներկայացնելով օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ նախորդ գումարման ԱԺ-ում ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը, հակասություններ ունի թե' Սահմանադրության, թե' Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի հետ:

Ըստ նրա`  վիրավորանքի քրեականացումը որեւէ իրավաչափ նպատակ չի հետապնդում, քանի որ գործող Քաղաքացիական օրենսգրքով արդեն իսկ սահմանված է քաղաքացիաիրավական պատասխանատվություն, ընդ որում` այդ պատասխանատվության չափերը հիմնականում էապես ավելի բարձր են կամ համադրելի են քրեական օրենքով նախատեսված չափերի հետ, սակայն դատարանին հնարավորություն են տալիս ավելի լայն գնահատողական հայեցողության սահմաններում կիրառել դրանք` հաշվի առնելով կոնկրետ գործի բոլոր հանգամանքները: Բացառությամբ մեկ դեպքի, երբ քրեական օրենքով սահմանվում է կալանքի տեսքով պատժատեսակ, մնացյալ դեպքերում բոլոր պատժաչափերը տուգանքի տեսքով են: Աղվան Վարդանյանն ընդգծել է, որ ՍԴ-ում վիճարկվում է այս օրենքների սահմանադրականությունը: Ուստի հեղինակներն առաջարկում են վերոնշյալ օրենքի խնդրահարույց հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով հանձնաժողովի բացասական եզրակացությունը, նշել է, որ հարցը քննարկվում է հերթական նիստում, քանի որ «Հայաստան» խմբակցությունն այն համարել է առաջնահերթ եւ օգտվել եզակի գործիքից:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է Կառավարության դիրքորոշումը: Փոխնախարարի խոսքով` օրենսդրական փաթեթի  ընդունումը գործադիրի համար անընդունելի է: Սուրեն Գրիգորյանը նշել է, որ որպես առաջարկվող փոփոխության հիմնավորում` նշված է այն, որ հոդվածում առկա դրույթը հակասություններ ունի Սահմանադրության եւ «Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի հետ, սակայն, ըստ նրա, քննարկվող հոդվածի լրացումն ունեցել է իրավաչափ նպատակ, այն է` վիրավորանքի բացառմանն ուղղված միջոցների ձեռնարկմամբ բացառել նաեւ դրա հետեւանքով կատարվող հանցագործությունները, այդ թվում` բռնության հետ զուգորդված:

Խորհրդարանը քվեարկությամբ մերժել է օրենքների նախագծերի փաթեթը: