Տպել
09.12.2021
Նախատեսվում է ընդլայնել ՊՈԱԿ-ների ղեկավարների թեկնածուների շրջանակը
1 / 12

Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին առաջին ընթերցումով քննարկել է ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:

Գլխավոր քարտուղարի կամ վարչության պետի ու բաժնի պետի պաշտոններ զբաղեցնելու համար նախատեսված է հանրային ծառայության առնվազն 4 կամ 3 տարվա ստաժ: Պետական ծառայության համակարգում գլխավոր քարտուղարի, վարչության պետերի ու նրանց տեղակալների, բաժնի պետերի պաշտոնները, Գայանե Գաբրիելյանի խոսքով, համադրելի են ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի հետ եւ այդ պաշտոնում կարող են նշանակվել համապատասխան հմտություններ ունեցող այն անձինք, որոնց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով թույլատրվում է զբաղեցնել հանրային ծառայության ղեկավար պաշտոններ:

Գայանե Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց եւս մասնակցելու գործադիր մարմինների ընտրությանը:

Հաջորդ փոփոխությամբ պետական ոչ առեւտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը վարձակալության կտրվի ոչ թե Կառավարության որոշմամբ, այլ Կառավարության որոշմամբ հաստատված կարգով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը նշել է, որ տեխնիկական շտկում է կատարվել պետական ոչ առեւտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը Կառավարության որոշմամբ հաստատված կարգով վարձակալության տալու կարգավորման առումով: Այդ կարգավորումն արդեն տեղ էր գտել 2020թ. հուլիսին կատարված փոփոխություններում: Իսկ հաջորդ փոփոխությունը նպատակ ունի ընդլայնել ՊՈԱԿ-ների ղեկավարների թեկնածուների շրջանակը: Գլխադասային հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն:

Պատգամավորներն անդրադարձել են ՊՈԱԿ-ի տնօրենի համար պահանջվող չափանիշների դյուրացման նպատակահարմարությանը, ոլորտում որակյալ մասնագետներ ներգրավելու անհրաժեշտությանը: Եզրափակիչ ելույթում Վահագն Հովակիմյանը հավաստիացրել է, որ ընդդիմադիր պատգամավորների վերոնշյալ մտահոգություններն այս նախագծի հետ առնչություն չունեն:

ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Արծվիկ Մինասյանն անդրադարձել է պետական գույքի կառավարման հարցին: Ըստ խմբակցության քարտուղարի՝ այս նախագծով սահմանադրական առնչություն ունեցող իրավանորմ է փոխվում: Նա առաջարկել է չշտապել, համակարգային վերլուծության ենթարկել նախատեսվող կարգավորումները: