Տպել
09.12.2021
Գործադիրը լրացումներ է առաջարկում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում
1 / 13

Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին առաջին ընթերցումով քննարկել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը նշել է, որ փոփոխությունները հնարավորություն կընձեռեն մինչեւ անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրումը հաշմանդամության գնահատման գործընթացն իրականացնել առկա մեխանիզմներով եւ չափանիշներով: Դրան զուգահեռ կիրականացվեն համապատասխան աշխատանքներ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգն արդյունավետ ներդնելու ուղղությամբ: Աջակցող միջոցների տրամադրումը կդառնա առավել հասցեական: Ըստ փոխնախարարի՝ դա հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող շուրջ 200.000 քաղաքացու իրացնել իրենց իրավունքը: Նա կարեւորել է գործընթացի ճիշտ գնահատումը եւ ծառայությունների արդյունավետ մատուցումը:

Ներկայացնելով ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Լիլիթ Ստեփանյանը նշել է, առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա միասնական սոցիալական ծառայությանը իրականացնելու բժշկասոցիալական ծառայություն: Ըստ պատգամավորի՝ բժշկասոցիալական ծառայությունների ընդլայնմանը զուգահեռ առաջիկայում գործող մասնագիտական խմբերում նոր մասնագետներ ունենալու անհրաժեշտություն է առաջանալու՝ առավել հասցեական ու թիրախային ծառայություններ իրականացնելու համար: