«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 8-ի նիստում քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Հարցը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
Նախաձեռնությունը, ըստ փոխնախարարի, ուղղված է աշխատողների առողջության պահպանմանը: Ռուբեն Սարգսյանի խոսքով` եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման տեղեկանքը կամ բացասական լինելու վերաբերյալ ՊՇՌ թեստավորման փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք է ստանում աշխատակցին չթույլատրել ներկայանալ աշխատավայր: Որոշ ժամանակահատված նույն պատճառաբանությամբ աշխատանքի չներկայանալու դեպքում գործատուն իրավունք է ստանում աշխատողին ազատել աշխատանքից:
Սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը միակողմանիորեն լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու եւ լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը:
Նշվել է, որ բժշկական հակացուցումների պարագայում թեստավորման ֆինանսավորման հարցն առաջիկայում կքննարկվի շահագրգիռ կողմերի հետ:
Հանձնաժողովը հարցի առնչությամբ տվել է դրական եզրակացություն: