Տպել
02.12.2021
Ներկայացվել են 2021 թ. պետական բյուջեի ինը ամիսների եւ ԱԺ բյուջետային գրասենյակի երրորդ եռամսյակի ցուցանիշները
1 / 7

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  նիստի ընթացքում քննարկվել է 2021 թվականի պետական բյուջեի ինը ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է հիմնական ցուցանիշները եւ դրանց վրա արտաքին ազդեցությունների դինամիկան: 2021 թվականի առաջին ինը ամիսներին ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում նկատվել են վերականգման միտումներ:

2021 թվականի առաջին ինը ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ ԱՄՆ տնտեսությունը գրանցել է շուրջ 5.0% աճ, Եվրագոտու տնտեսությունն աճել է 5.6%-ով, Չինաստանի տնտեսությունը գրանցել է մոտ 9.8% աճ, իսկ Ռուսաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 4.6%-ով: Հիմնականում պայմանավորված համաշխարհային տնտեսության վերականգմամբ՝ միջազգային շուկայում հումքային ապրանքների գներն աճել են: 2021 թվականի առաջին ինը ամիսներին պղնձի միջազգային շուկայում գներն աճել են 57.4%-ով, իսկ նավթի միջազգային գներն աճել են միջինում 62.2%-ով:

ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը ներկայացրել  է 2021 թվականի երրորդ եռամսյակում կատարած աշխատանքների հաշվետվությունը:

Նրա խոսքով՝ գրասենյակը 2021 թվականի երրորդ եռամսյակում ստացել է 15 հարցում, որից 2-ը պատգամավորական եւ 13-ը մշտական հանձնաժողովներից: Ընդհանուր առմամբ, ինը ամիսների ընթացքում ստացվել է 75 հարցում, որից 29-ը պատգամավորական, 42-ը մշտական հանձնաժողովներից:

Բյուջետային գրասենյակը 2021 թվականի ինը ամիսների ընթացքում սահմանված ժամկետներում պատրաստել եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին է տրամադրել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը եւ ՀՀ 2021 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագիրը:

Զեկուցողը նշել է, որ ինը ամիսների ընթացքում Բյուջետային գրասենյակի աշխատակազմի կարողությունների զարգացման նպատակով փորձագետները մասնակցել են ՄԱԿ-ի կողմից կազմակերպված «Գենդերային բյուջետավորում» թեմայով սեմինարին: Առաջին կիսամյակի ընթացքում Բյուջետային գրասենյակի աշխատակազմի կարողությունների զարգացման նպատակով փորձագետները մասնակցել են նաեւ մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների: