Տպել
02.12.2021
Հանձնաժողովում քննարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած եւ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործման հարցը
1 / 3

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարածած հաղորդագրության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

Այդ հաղորդագրությամբ աշխատանքային խումբը հայտնում է, որ դրամական միջոցների ոչ նպատակային կիրառման մասին որեւէ հավաստի ապացույց չի ստացել: Աշխատանքային խումբն ու արտաքին աուդիտորը զեկուցել են, որ իրավական սահմանափակումները խոչընդոտել են ՀՀ կառավարության կողմից ծախսված գումարների սկզբնական փաստաթղթերի ուսումնասիրությունը: Գեւորգ Պապոյանը նշել է, որ միանում է ՀՀ վարչապետի առաջարկին եւ նիստին մասնակցող Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին խնդրել է կառույցի աշխատանքներում ներառել այդ գումարի ծախսման հաշվեքննությունը:

Լեւոն Յոլյանը հավաստիացրել է, որ սեղմ ժամկետում կփորձեն խնդիրը լուծել եւ հորդորել է պատգամավորներին առաջարկներ ներկայացնել, այդ թվում նաեւ աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավման մասով:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը պարզաբանել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2020 թ.  ընթացքում նվիրաբերության 9 պայմանագրերով 52 մլրդ 700 մլն դրամ է հատկացրել Կառավարությանը: Հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ նվիրաբերությունները կարող են օգտագործվել ենթակառուցվածքներին վերաբերող, սոցիալական եւ առողջապահական ծրագրերի իրականացման նպատակով: Հաշվի առնելով, որ շահարկումներ են եղել հարցի առնչությամբ՝ հիմնադրամը դիմել է նաեւ Կառավարությանը՝ այդ միջոցների օգտագործման վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու: Գործադիրը հստակ պարզաբանել է, որ ստացված 52 մլրդ 700 մլն դրամից մոտ 20 մլրդը 2020 թ. ընթացքում օգտագործված է եղել կոնկրետ սոցիալական, առողջապահական եւ ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրերի սահմաններում, իսկ 2021 թ. առաջին կիսամյակում մոտ 33 մլրդ դրամը՝ կրկին նույն նպատակներով:

Հոգաբարձուների խորհրդի նիստում արտաքին աուդիտորի եզրակացությամբ հաստատվում է, որ ըստ ստացված հաշվետվությունների՝ ծախսման ուղղությունները համապատասխանում են նվիրաբերության պայմանագրով սահմանված նպատակներին: Նախարարը նշել է, որ օրենքով սահմանված կարգով Քննիչ հանձնաժողով է ձեւավորվել, այդ հարցով դիմում է ձեւակերպվել Հաշվեքննիչ պալատին:

«Այս ամենի հաստատումը կլինի այն, որ ամեն ինչ տեղի է ունեցել համապատասխանության շրջանակում եւ չկա որեւէ շեղում: Այդ աշխատանքները կտարվեն մեր աջակցությամբ եւ թույլ կտան ձեւավորել վերջնական ու հասկանալի եզրակացություն ու մեկընդմիշտ փակել այս հարցը»,-ասել է նախարարը: