Տպել
02.12.2021
Քննարկվել են պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովության հետ կապված հարցեր
1 / 6

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որը վերաբերում էր պատգամավոր  Թագուհի Թովմասյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու  վերաբերյալ  օրենքի նախագծին:  Քննարկմանը մասնակցել  են  պատգամավորներ, Արդարադատության, Պաշտպանության, Ֆինանսների, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ՄԻՊ աշխատակազմի, այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշել է, որ առաջարկվում է փոփոխել օրենքի 65-րդ հոդվածը, որը վերաբերում է զինծառայողների բնակարանային ապահովմանը:  Ըստ այդ հոդվածի 1-ին մասի` ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով եւ չափով: Հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրենքի այս դրույթը սահմանվել է պայմանագրային զինծառայողներին սոցիալական ապահովության երաշխիքներ տալու նպատակով, սակայն օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ են եկել հանգամանքներ,  որոնք ոչ միայն չեն ապահովում զինծառայողների սոցիալական ապահովությունը, այլեւ խնդիրներ են հարուցում նրանց համար: Բանն այն է, որ զինծառայողները հաճախ իրենց վարձակալած բնակարանի համար պայմանագիր չեն կնքում: Վարձով բնակվում են այլ վայրում, որեւէ ծանոթ մարդ են գտնում, նրա հետ պայմանագիր կնքում, հարկերը վճարում եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում  համապատասխան հանձնաժողով` ստանալով վարձավճարի փոխհատուցում: Փաստորեն` զինծառայողները պահպանում են սահմանված կարգը, բացառությամբ այն դրույթի, որ ապրում են ոչ թե պայմանագրում նշված հասցեում, այլ այն տանը, որի  տանտերը չի կնքել պայմանագիր: Ստացվում է, որ զինծառայողներն իրենց կամքից անկախ հանցանք են գործում, ինչի հետեւանքով էլ հարուցվում են քրեական գործեր: Հարուցված  81 քրեական գործերից 30-ի նախաքննությունն ավարտվել է, 51-ի դեպքում շարունակվում է:

Թագուհի Թովմասյանը հայտնել է, որ զինծառայողներից ոմանք արդեն դատվել են, ինչն արդարացի չէ:  Նա պարզաբանել է, որ իր առաջարկած փոփոխությամբ  նախատեսվում է 1 փաստաթուղթ` վարձակալության պայմանագիր, պակաս ներկայացնելով  համապատասխան հանձնաժողովին, ստանալ փոխհատուցում: Այսինքն` բավարար լինի սեփականություն եւ հաշվառում չունենալու վերաբերյալ Կադաստրի կոմիտեից տեղեկանքի ներկայացումը: Քննարկման մասնակիցները միաձայն հավաստել են` կա խնդիր, որը պետք է լուծել, սակայն ոչ այնպես, ինչպես առաջարկում է օրինագծի հեղինակը:

Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը պարզաբանել է, որ խնդիրը քննարկվել է նախարարությունում, եւ ունեն հարցի լուծման իրենց տարբերակը: «Առաջարկում ենք, որ իր բնակության վայրից 30 կմ հեռավորությամբ զինծառայողին ծառայության նշանակելու դեպքում նրա համար հաշվարկվի հավելում: Պայմանը պետք է նախատեսի, որ այդ ծառայության վայրում 30 կմ շառավղով ինքը չունի սեփականության իրավունքով  բնակելի տարածություն եւ հաշվառում»,- պարզաբանել է նա` հավելելով, որ այս դեպքում զինծառայողը Կադաստրից սեփականության եւ հաշվառման վերաբերյալ մեկ փաստաթուղթ է ներկայացնելու , որն էլ դառնալու է հիմք` փոխհատուցում ստանալու համար: Սասուն Սիմոնյանը տեղեկացել է, որ նախարարությունն օրենսդրական նախաձեռնություն է մշակել, որը դեռեւս պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել:

ՀՀ քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ Արմինե Մաթոսյանը նշել է, որ զինծառայողներին նման դեպքերում պետք է ոչ թե հավելավճար տալ, այլ հարցը կարգավորել այլ կերպ` սահմանելով ծախսերի փոխհատուցում իրավական այլ ակտով:

Քննարկման ավարտին հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դրական է գնահատել քննարկումը: Ըստ նրա` արդեն նկատելի է, որ խնդիրը լուծման ճանապարհին է: