Տպել
02.12.2021
Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար առաջադրվել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը
1 / 4

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ի նիստում քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին թեկնածու ներկայացնելու հարցը:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները եւ մասնագիտական գործունեությունը:

Եղիշե Սողոմոնյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Ըստ թեկնածուի` Հաշվեքննիչ պալատը պետք է գործի հնարավորինս անկախ: Նա հավելել է, որ պալատի անկախության բարելավման ուղղությամբ դեռեւս կան անելիքներ եւ ընդգծել անբավարար ֆինանսական անկախության հարցը: Եղիշե Սողոմոնյանն այս համատեքստում նշել է, որ պալատի աշխատակիցներին ընդունելու, կառավարելու եւ վարձատրելու գործընթացը դուրս է կառույցի վերահսկողությունից: Թեկնածուի խոսքով` խնդրահարույց է, որ պալատի քաղաքացիական պաշտոնների մրցույթը կազմակերպում է Քաղաքացիական ծառայության գրասենյակը:

Թեկնածուն անդրադարձել է Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ անդամների անձեռնմխելիությանը`  առաջարկելով առաջիկա սահմանադրական փոփոխությունների ժամանակ անձեռնմխելիություն ունեցող անձանց շարքում ներառել նաեւ պալատի անդամներին:

Անդրադարձ է եղել տեղեկատվության հասանելիության ոչ հստակ կարգավորված լինելու խնդրին, հաշվեքննության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներին: Կարեւորվել է ընթացիկ եզրակացությունների, տարեկան հաղորդումների, բյուջեի կատարման եռամսյակային հաշվետվությունների կազմման, ներկայացման չափորոշիչների մշակումն ու ներդրումը:

Եղիշե Սողոմոնյանն ընդգծել է արդյունավետ համագործակցությունն Ազգային ժողովի հետ:

Քննարկումներում անդրադարձ է եղել թեկնածուի գործունեությանը, հանրային ֆինանսների կառավարման բնագավառում նրա փորձառությանը, պալատի վարձատրության հարցին եւ այլն: Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը կարեւորել է Եղիշե Սողոմոնյանի արհեստավարժ գործունեությունը բնագավառում եւ համոզմունք հայտնել, որ մասնագիտական որակների առումով եւս ներկայացված թեկնածությունը ողջունելի է:

Քվեարկության արդյունքում հանձնաժողովը կողմ է արտահայտվել առաջադրված թեկնածությանը: