Տպել
30.11.2021
Անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը նախատեսվում է իրականացնել 2023 թ. փետրվարի 1-ից
1 / 3

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը  նոյեմբերի 30-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանի տեղեկացմամբ՝ առաջարկվող փոփոխությունները տեխնիկական բնույթի են եւ պայմանավորված են կորոնավիրուսային համավարակով: Խնդիրն այն է, որ բժշկասոցիալական փորձաքննություններ իրականացնելու համար Կիպրոսից Հայաստան պետք է ժամանեն փորձագետներ, որոնք համավարակի ժամանակ չեն կարող բացակայել իրենց երկրից:  Կա նաեւ այլ խնդիր. հաշվի առնելով համավարակի ընդլայնումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հեռու պահել սերտ շփումներից: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ Կառավարությունն առաջարկում է բժշկասոցիալական փորձաքննությունների գործընթացի անցկացումը հետաձգել մինչեւ 2023 թվականի փետրվարի 1-ը:

Փոխնախարարի խոսքով՝ այժմ Հայաստանում կա շուրջ 196 հազար հաշմանդամություն ունեցող քաղաքացի: Ըստ նրա՝ ոլորտում իրականացվող այս բարեփոխումը դրական ազդեցություն կունենա հաշմանդամություն ունեցող կամ նրանց խնամող անձանց կյանքի որակի վրա:

Փաթեթը կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: